Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին կեղծ փաստաթղթի հիման վրա վրաց պատրիարքարանին փոխանցելու հարցով դատական առաջին նիստը տեղի չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի եւ լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: Դատական կողմերը դատարանից ժամանակ են խնդրել լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար, դատարանը նրանց միջնորդությունը բավարարել է եւ նիստը հետաձգել մինչեւ մայիսի 1-ը: Սուսաննա Խաչատրյանը նշեց, որ Թանդոյանց եկեղեցու հարցով մարտի 27-ին, Վիրահայոց թեմում կլոր սեղանի շուրջ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, կրոնական միավորումների ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ: Նրա խոսքով, հարցը քննարկվել է բազմակողմանիորեն, քննարկման ընթացքում կողմերը եզրակացության են եկել, որ եկեղեցին միանգամայն հայկական պատկանելություն ունի եւ անհիմն փաստերի հիման վրա է փոխանցվել վրաց պատրիարքարանին:
Նշենք, որ վիրահայոց թեմը դատարան ներկայացրած հայցով պահանջում է եկեղեցին վերադարձնել Վիրահայոց թեմին, քանի որ եկեղեցու հայկական լինելը ոչ մի կասկած չի հարուցում եւ բոլոր փաստերով, արխիվային նյութերով ապացուցված է:
2017թ. ապրիլին Վրաց պատրիարքարանի քարտուղար Բոթքովելին դիմել է Վրաստանի հուշարձանների պահպանության եւ վերականգնման գործակալություն՝ Թանդոյանց եկեղեցու մասին տեղեկություններ ստանալու: Գործակալությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե իբր այդ եկեղեցին նախկինում եղել է վրացական, որի հիման վրա էլ այն փոխանցվել է վրաց պատրիարքարանին որպես սեփականություն:
Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Թբիլիսիի Կուկիո կոչված թաղամասում, այն կառուցվել է 19-րդ դարում: Մինչեւ խորհրդային տարիները գործել է որպես հայ առաքելական եկեղեցի, հետո վերածվել է կինոթատրոնի:
Կուկիո թաղամասում, մինչ Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրումը, գործել է Սբ. Աստվածածին անվամբ Հայ առաքելական եկեղեցին:



























