News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Փրկարարները հայտնաբերել են Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով բոլոր 64 զոհերի դիերը: Զոհերից 41-ը երեխաներ են: Միաժամանակ, սոցցանցերում տեղեկություններ են տարածվել 300-400 զոհի մասին, սակայն այս լուրերը չեն հաստատվել: Հրդեհի հետեւանքով տուժածները նաեւ շտաբ են ստեղծել, 85 անհետ կորածի տվյալներ են հավաքագրել, որոնք պատրաստվում են փոխանցել իրավապահներին: Կեմերովոյում վաղ առավոտից հանրահավաք է: Քաղաքի բնակիչները պատրաստվում են փողոցում գիշերել:

Այսօր առավոտյան Կեմերովո է մեկնել նաեւ Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին, իսկ հետո արտակարգ խորհրդակցություն անցկացրել: Հրդեհի փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվածներ կան, իսկ «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի տեխնիկական գծով տնօրեն Գեորգի Սոբոլեւին մեղադրանք է առաջադրվել:

Ողբերգության ականատեսները պատմել են, որ հրդեհի ազդանշան չի հնչել, մարդկանց տարհանում չի կազմակերպվել: Արդյունքում առեւտրի կենտրոնում գտնվողները խուճապի են մատնվել, հրմշտոց է առաջացել: Ոմանք շենքից դուրս պրծնելու համար պատուհաններից են նետվել: Իսկ այսօր հայտնի է դարձել, որ առեւտրի կենտրոնում հրդեհի ազդանշանային համակարգն անսարք է եղել դեռեւս մարտի 19-ից, սակայն ոչ ոք դրանով չի զբաղվել: Ողբերգության կապակցությամբ Կեմերովոյի շրջանում եռօրյա սուգ է հայտարարվել:

Ռուսաստանում ավտովթարի հետեւանքով երկու հայ է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել Սարատովի մարզում. 27-ամյա Արմեն Ղազարյանը «ՎԱԶ-21» մակնիշի մեքենայով բախվել է «ԿամԱԶ»-ին: Նախնական տվյալներով՝ նա կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց հատված ու բախվել բեռնատարին: Պատահարի հետեւանքով Արմեն Ղազարյանը, ինչպես նաեւ «ՎԱԶ-21»-ի ուղեւորը՝ 28-ամյա Սերյոժա Հարությունյանը, մահացել են:

Տարբեր երկրներից արտաքսված ռուսաստանցի դիվանագետների թիվը հասել է 139-ի: «Սկրիպալի գործի» հետ կապված Մեծ Բրիտանիային այդ կերպ «համերաշխություն» է հայտնել արդեն 24 երկիր: Եվրամիության անդամ պետությունների տարածքից արտաքսվել է 33 դիվանագետ, ԱՄՆ-ից՝ 60, Մեծ Բրիտանիայից՝ 23: Նման որոշումներ են կայացրել նաեւ ՆԱՏՕ-ն, Կանադայի, Ուկրաինայի եւ Ավստրալիայի կառավարությունները:

Հիշեցնենք, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը թունավորվել են մարտի 4-ին, անգլիական Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում: Նրանք ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում են: Սկրիպալներին թունավորելու համար Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրում: Մոսկվան շարունակում է հերքել մեղադրանքը՝ խոստոնալով իր դիվանագետների արտաքսմանը պատասխան քայլեր ձեռնարկել:

Սոցցանցերում մեծ հնչեղություն է ստացել Ասյա Խաչատրյանի մասին լրատվամիջոցներից մեկի հրապարակումը: Ասյան Հայաստանի քաղաքացի է, տարեսկզբից ապրում եւ աշխատում է Ստեփանակերտում: Աղջիկը պնդում է, որ փետրվարից Արցախի իրավապահները ֆիզիկապես եւ հոգեբանորեն ճնշում են իրեն, իսկ պատճառը, նրա հավաստմամբ, մազերը կապույտ ներկելն ու փողոցում ծխելն է: Ասյան պատմել է նաեւ, որ փետրվարի 1-ին ուշ երեկոյան փողոցում զբոսնելիս երեք ոստիկաններ կանգնեցրել են իրեն, անձնագիր պահանջել, հետո նաեւ ոստիկանություն կանչել: Արցախի ՄԻՊ գրասենյակն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հետեւողական են լինելու՝ Արցախի ոստիկանության կողմից իր նկատմամբ ապօրինություններ կատարելու մասին Ասյա Խաչատրյանի պնդումներին պատշաճ իրավական արձագանք ապահովելու հարցում:

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լիտվայի հավաքականների ընկերական հանդիպման արդյունքը՝ 0:1: Հյուրերը հաշիվը բացեցին առաջին խաղակեսի վերջին րոպեին. Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Լիտվայի «Սուդուվա» ակումբի 24-ամյա կիսապաշտպան Օվիդիուս Վերբիցկասը: Երկրորդ խաղակեսում արդեն հաշիվն անփոփոխ մնաց: Նշենք, որ Հայաստան-Լիտվա հանդիպումը սպասարկում էր Վրաստանը ներկայացնող մրցավարական թիմը՝ Իրակլի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ: Հավելենք նաեւ, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Լիտվան 147-րդն է: Իսկ մեր հավաքականի ընկերական նախորդ՝ մարտի 24-ին Էստոնիայի հավաքականի հետ կայացած խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով, լիտվացիներն էլ Թբիլիսիում 0:4 հաշվով պարտվել էին Վրաստանի հավաքականին:

Լեւոն Արոնյանը դուրս մնաց Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարից: Բեռլինում ավարտին մոտեցող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին տուրում Արոնյանի մրցակիցն ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոն էր. խաղը ոչ ոքի է ավարտվել: Նախորդ 13 տուրերում հայ գրոսմայստերը մեկ հաղթանակ է տարել, 6 պարտություն կրել, 6 պարտիա էլ ավարտել է ոչ ոքի: Արդյունքում նա 4.5 միավորով վերջին հորիզոնականում է: Իսկ չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը:

Մարտի 27-ին դոլարը փոքր-ինչ էժանացել է, եվրոն՝ թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 596, ռուբլունը՝ 8 դրամ 41 լումա, ֆունտինը՝ 678 դրամ:

Մարտի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ