2018թ. ապրիլի 3-ից Երեւանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից: Այս մասին մարտի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։
Նրա խոսքով, «ՎիզաՄետրիկ» ընկերությունը միայն զբաղվելու է վիզաների դիմումների ընդունմամբ, իսկ դիմումների վերաբերյալ որոշումներն այսուհետ կայացվելու են այդ նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից Գերմանիայի դեսպանություն գործուղված աշխատակիցների կողմից։
Դեսպանը նշեց, որ նման վիզային կենտրոնները նորություն չեն եւ աշխատում են շատ այլ երկրենում: Հայաստանում նման կենտրոնների ծառայություններից արդեն օգտվում են Հունաստանը, Իտալիան եւ Լիտվան:
Իր հերթին, Գերմանիայի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Ալեքսանդր Բարտոլդն ընդգծեց, որ կենտրոնի աշխատանքի հիմնական նպատակը արդյունավետություն բարձրացումն է: «Վերջին ժամանակներս նկատվում է վիզա ստանալու դիմումների թվի աճ, ինչի հետ կապված մարդիկ ստիպված էին սպասել մինչեւ 6 ամիս: Հիմա դիմումատուն կարող է դիմումը ներկայացնել «ՎիզաՄետրիկ» 48 ժամվա ընթացքում»,-ասաց նա՝ հավելելով, որ այլ փոփոխություններ՝ կապված ազգային վիզաների դիմումների եւ այլ հյուպատոսական հարցերի հետ, տեղի չեն ունեցել:
Բացի այդ, Բարտոլդի խոսքով, «ՎիզաՄետրիկ» ընկերությունում դիմումատուները կարող են ավելի բարձր որակի ծառայություններ ստանալ, այդ թվում ինչպիսիք են պատճենահանումը, լուսանկարների պատրաստումը, թարգմանությունը:
Հայաստանում «ՎիզաՄետրիկ» ընկերության ծրագրերի համակարգող Էլվիրա Բազիրովան հավելեց, որ իրենց մոտ արդեն գործում է Gall Center, որտեղ հնարավոր է ստանալ հետաքրքրող տեղեկատվությունը: Ընկերության կայքում կարելի է առցանց հետեւել անձնագրի շարժին՝ կենտրոնից դեսպանություն եւ մանրամասն ծանոթանալ մատուցվող ծառայություններին:
Դեսպանատունը կշարունակի վիզաների դիմումներ ստանալ խիստ սահմանափակ ծավալով: Յուրաքանչյուր դիմումի գրանցման համար «ՎիզաՄետրիկ»-ը կգանձի 20 եվրոյին համարժեք դրամ:



























