«ՎիզաՄետրիկ» ընկերությունը, որը Գերմանիայի դեսպանատան փոխարեն կզբաղվի Շենգեն վիզա ստանալու դիմումների ընդունմամբ, ռուս-թուրքական կոնսորցիում է: Մարտի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հաստատեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Դեսպանը նշեց, որ ընկերության հոլդինգը տեղակայված է Թուրքիայում: Ընկերությունն այս ոլորտում մեծ փորձ ունի եւ շահել է Հայաստանում ու Միջին Ասիայում ծառայությունների մատուցման մրցույթում: «Մրցույթի արդյունքների վրա չի ազդել այն փաստը, թե այս ընկերությունը կոնկերտ որտեղից է: Ցանկանում եմ ձեզ հանգստացնել՝ անձնական տվյալների պաշտպանությունը մեզ համար բարձրագույն արժեք է»,- հավաստիացրեց Մաթիաս Քիսլերը:

Նա հավելեց, որ Հայաստանում «ՎիզաՄետրիկ»-ի գրասենյակի համակարգողն է լինելու Լիլիթ Գեւորգյանը, եւ բոլոր աշխատակիցները նույնպես հայեր են:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 3-ից սկսած Շենգեն վիզա ստանալու (Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Ավստրիա եւ Շվեդիա այցելելու նպատակով) դիմումները կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանատանը, այլ ծառայություն մատուցող «ՎիզաՄետրիկ» առանձին ընկերությունում: