News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Նախորդ տարվա մարտի 28-ին Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող, Գինեսի ռեկորդակիր, հրազդանցի Արտակ Ռաֆայելյանի մահվան առաջին տարելիցի օրը նրա հայրական տունը բազմամարդ էր: Նրա հիշատակը հարգելու էին եկել բարեկամներ, գյուղացիներ, ընկերներ: Դեպքից մեկ տարի է անցել, բայց Արտակի հարազատները դժվարությամբ են հավատում տեղի ունեցածին.

«Մեկ տարի առաջ այս օրն իմ սիրտն ահավոր տագնապով ու անհանգստությամբ էր լցված: Էդ օրը մի ուրիշ ձեւի էի սպասում Արտակի զանգին: Միշտ էլ սպասել եմ, բայց մարտի 28-ի օրը սիրտս տեղից դուրս էր գալիս…Հետո մեր տուն մարդիկ եկան ու հայտնեցին բոթը, բայց ես չէի հավատում, չէի ուզում հավատալ, մինչեւ որ տղայիս բերեցին: Էսօր էնքան բան եմ ուզում պատմել Արտակի մասին, բայց չեմ կարողանում: Ես շատ մեծ, թանկ բան եմ կորցրել:  Արտակն իմ աշխարհն էր, իմ կյանքը, ես կորցրեցի իմ աշխարհը: Նա իմ հենարանն էր, իմ հույսը: Բոլորը գիտեին, որ Արտակին մի ուրիշ ձեւ էի սիրում: Բարեկամներս ասում էին, Ժորան կնեղանա, Արտակին շատ ես ուշադրություն դարձնում, բայց Արտակն իրոք, իմ շունչն էր, իմ գոյությունը: Ես այսօր ուղղակի շնչում եմ, որ տղայիս անունը բարձր պահեմ: Կենդանի ժամանակ չէր սիրում, որ իրեն գովում էի: Ասում էր. «Մամ, դու թիթիզ ես, ինձ էդքան մի գովա, ես ինչ եմ արել որ»: Ես երազում եմ մի բան…բալիս հետ բերեմ: Ամեն ցերեկ սպասում եմ որ ներս կմտնի, ինձ թվում է, որ դրսում է ու հեսա կգա, բայց հենց մթնումա, նոր հասկանում եմ, որ էսօր էլ չի գա: Ես չեմ դադարում սպասելուց ու թերթում եմ օրերը հերթով»-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արտակի մայրը՝ Դիաննան:

Մոր խոսքով՝ Արտակը վախկոտ տեսակ չէր: Նա Ապրիլյան պատերազմի մասնակից էր, բայց երբեք չէր խոսել դրա մասին: Երբ հարցնում էին որպիսությունը, ասում էր. «Ես ումից եm լավը: Ես մինչեւ վերջ պատրաստ եմ գնամ իմ ընկերոջ, իմ ընտանիքի, իմ ընկերների համար»: Արտակը շատ կապված էր միակ եղբոր՝ 19 ամյա Ժորայի հետ, ում ժամանակը՝ մեկ տարին, շատ է փոխել, մեծացրել: Հիմա նրա բոլոր երազանքները եղբոր  հիշատակը վառ պահելուն է ուղղված.

«Մեկ տարի առաջ իմ կյանքը շուռումուռ եկավ, ես իմ հենարանը, իմ թիկունքը կորցրի, ամենահարազատ մարդուն: Ես հիմա միայն երազում եմ նրա կիսատ գործերը ավարտել: Մենք ուզում էինք մեր տունը նորոգել ու մեր ծնողներին գլխներիս վրա պահել: Եթե կարողանայի,ախպորս վերադարձնել: Մենակ մի բան եմ ուզում՝ իր բոլոր նպատակները կատարեմ ու նենց անեմ, որ իր հիշատակը հարգեն ու միշտ հիշեն նրան«,-նշեց Ժորան:

Ի դեպ, հարազատները Արտակի մահվան տարելիցի շեմին ֆիլմ են պատրաստել նրա մասին:

Հիշեցնենք, որ 2017թ-ի մարտի 28-ին Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի արձակած գնդակից զոհվել էր Արտակ Ռաֆայելյանը: Նա Հրազդանից էր՝ Գինեսի ռեկորդակիր: Իր արտասովոր ունակությունների համար նա ոչ միայն գրանցվել էր Դյուցազնագրքում, այլ նաեւ դարձել Գինեսի գրքի ռեկորդակիր՝ պառկած դիրքից 11011 անգամ կատարելով հենում-ծալում վարժությունը: Նրա նպատակը արդ ոլորտում առաջ գնալն ու նոր հաջողություններ գրանցելն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ