ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 29-ին, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ս.թ. մարտի 29-ից 31-ը անցկացվող՝ սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որի կապակցությամբ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Ցուցահանդեսի բացման առիթով կազմակերպված մշակութային ծրագիրը եւ հատուկ նշանակության ջոկատի ցուցադրությունը դիտելուց հետո Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսում:
«ԱրմՀայԹեք-2018»-ը նպատակ ունի երկխոսության արդյունավետ հարթակ դառնալու մասնակից երկրների զինվորականների, գիտական եւ գործարար շրջանակների միջեւ: Կազմակերպիչների հավաստմամբ, ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում են ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից եւ այլ երկրներից: Հանրապետության Նախագահը ծանոթացել է սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում ինչպես հայկական կազմակերպությունների նվաճումներին, այնպես էլ արտերկրյա կազմակերպությունների արտադրատեսականուն:
«ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաեւ գիտագործնական ծրագիր, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 10 երկրների պատվիրակություններ եւ ՀԱՊԿ-ի պատվիրակությունը: