Սյունիքի մարզի բնակչուհի Հասմիկ Սարգսյանը 3-րդ անգամ է կատարել նույնատիպ դիտավորյալ ծանր հանցագործություն, որի համար նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ հանցանքների համար նշանակված պատիժների չկրած մասը, եւ արդեն որպես վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով: Այս մասին NEWS.am-ին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե 3 երեխաների մորը 10 հազար դրամի գողության համար ազատազրկել են 6.5 տարվա ազատազրկման:

Գոռ Աբրահամյանը նշեց, որ 2017 թվականի հուլիսի 8-ին Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն)՝ այն բանի համար, որ նա 2017 թվականի հուլիսի 4-ին ապօրինի մուտք է գործել Մարիետա Հովհաննիսյանի բնակարան, հափշտակել 2 հատ 5000 ՀՀ դրամ անվանական արժեքի թղթադրամ ու հեռացել: Հասմիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«2017 թվականի օգոստոսի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատաքննության արագացված կարգի կիրառմամբ՝ դատարանը 2017 սեպտեմբերի 29-ի դատավճռով Հ. Սարգսյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված հանցագործության կատարման համար եւ, ի թիվս մի շարք մեղմացնող հանգամանքների եւ անձը բնութագրող տվյալների, նրա նկատմամբ պատիժ  նշանակելիս,  որպես պատիժը ծանրացնող հանգամանք, հաշվի է առել նաեւ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայությունը»,- ասաց նա:

Դատախազության ներկայացուցչի խոսքով, Սարգսյանը դեռեւս 2015թ.-ի դեկտեմբերի 1-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով եւ 3-րդ մասի 1.1 կետով դատապարտվել էր ազատազրկման՝ 4 տարի 3 ամիս ժամկետով, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածով պատիժը պայմանականորեն չի կիրառվել սահմանվելով փորձաշրջան 2 տարի ժամկետով. «Գտնվելով փորձաշրջանի ընթացքում՝ Հ. Սարգսյանը կատարել է եւս մեկ նույնպիսի ծանր հանցագործություն, որի համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  2016թ. ապրիլի 29-ի դատավճռով` ՀՀ քրեական օրենսգրքի նույն՝ 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով: Եվ չնայած այն հանգամանքին, որ մեկ տարվա ընթացքում, գտնվելով փորձաշրջանում, Հ. Սարգսյանը նույն ծանր հանցագործությունը կատարել էր երկրորդ անգամ՝ նրա եւ նրա ընտանիքի նկատմամբ մարդասիրության սկզբունքներից ելնելով դատարանի կողմից կրկին կիրառվել  է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ սահմանվել է փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով»:

Գոռ Աբրահամյանը նշեց, որ հենց այս պայմաններում է Սարգսյանը 2017 թվականի հուլիսի 4-ին փաստացի արդեն երրորդ անգամ կատարել նույնատիպ դիտավորյալ ծանր հանցագործությունը, որի համար նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ հանցանքների համար նշանակված պատիժների չկրած մասը, եւ արդեն որպես վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով։ Նա ընդգծեց, որ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս դատարանը նկատի է ունեցել, որ նա նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար դատապարտվել է, սակայն անհրաժեշտ հետեւություն չի արել ու հերթական անգամ կանգնել է հանցավոր ուղու վրա, կատարել նոր, նույնանման հանցագործություն, ինչն էականորեն բարձրացնում է հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը:

«Դատարանը գտել է, որ պատժի նպատակները կիրականանան նշանակված պատիժը նրա կողմից միայն ռեալ կրելու պայմաններում: Մինչդեռ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի հետ կապված այս հանգամանքները հրապարակման մեջ անհասկանալիորեն չեն ներկայացվել՝ ստեղծելով թյուր եւ ոչ ամբողջական պատկերացում ամբաստանյալի անձի եւ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության՝ հետեւաբար նաեւ նշանակված պատժի արդարացիության մասին։

Ինչ վերաբերում է հոդվածում մատնանշված այն դատողությանը, թե հարուցված քրեական գործը պետք է դատարան չուղարկվեր, քանի որ Հ.Սարգսյանը դեռեւս նախաքննության ընթացքում պատճառված վնասը վերականգնել էր, ապա հարկ է նշել, որ բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողությունը  ծանր հանցագործություն  է: ՀՀ  քրեադատավարական օրենդրության համաձայն՝ այն չի դասվում մասնավոր մեղադրանքով քրեական հետապնդման ենթակա հանցագործությունների շարքին: Անկախ նրանից՝ վնասը վերականգվել է կամ տուժողը բողոք ունի, թե ոչ, քրեական հետապնդումը ենթակա չէր դադարեցման: Ուստի գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար»: