News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայկական արտադրության առաջին կամիկաձե անօդաչու թռչող սարքերը ներկայումս փորձարկումների փուլն են անցնում եւ մոտ ապագայում արդեն կսկսեն կիրառվել:

Երեւանում «ArmHitec-2018» սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում KБX ընկերության ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը նշեց, որ սարքը նախագծվել է շուրջ 7 տարի առաջ, բայց այն ժամանակ ոչ մեկին չհետաքրքրեց, իսկ արդեն ապրիլյան պատերազմից 1 ամիս անց անցավ իր առաջին փորձարկումը:

«Նմանատիպ կամիկաձեներ ամբողջ աշխարհում չկան: Իհարկե, կան ավելի բարդերը, բայց ոչ հենց այն տեսակը, որը մենք ենք ստեղծել: Այս սարքն առաջին հայկական արտադրության կամիկաձեն է, նախագծվել է մեր կողմից եւ արտադրվել Հայաստանում: Մի քանի փորձարկում եւս եւ այն արդեն կիրառվող սարք կդառնա»,- նշեց Արմեն Վարդանյանը:

Բացի կամիկաձեից միջազգային ցուցահանդեսում ընկերությունը ներկայացրել է նաեւ անօդաչու սարքերի մի քանի այլ մոդելներ: Դրանցից մեկը նախատեսված է 300 կմ հեռավորություն թռչելու համար 300 կմ/ժ արագությամբ, օգտակար բեռը 30 կգ է: Մանրամասներ այս անօդաչուի վերաբերյալ դեռեւս չի հաղորդվում:

«Առհասարակ հեշտ բան չի թռչող սարք նախագծել, հասցնել այն մակարդակին, որ այն գնա արտադրության: Մենք ունենք նաեւ հետախուզական սարքեր, որոնք նույնպես փորձարկումներ են անցնում»,- ասաց Արմեն Վարդանյանը:

Մեր հարցին՝ արդյոք ընկերությունը նախատեսում է արտահանել ստեղծվող անօդաչու թռչող սարքերը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Հայկական շուկան բիզնեսի աղբյուր չենք դիտարկում, մեր շուկայի համար, կարելի է ասել, ինքնարժեքով ենք անում: Մենք պատրաստվում ենք նաեւ մեր արտադրանքը վաճառել դրսում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ