Գազայի հատվածի սահմանին, որտեղ այժմ բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունենում, ուրբաթ իսրայելցի զինվորականների հետ բախումների ժամանակ ավելի քան 1000 պաղեստինցիներ են վիրավորվել: Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն՝ վկայակոչելով պաղեստինցի բժիշկների տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվա դրությամբ Գազայի արեւելյան հատվածում իսրայելցիների հետ բախումների ժամանակ 1,1 հազար արաբ է վիրավորվել», - ասել են բժիշկները: Վերջին տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ օրվանից սկսած բողոքի ակցիաների ընթացքում արդեն 8 պաղեստինցի է զոհվել:

Հազարավոր պաղեստինցիներ դուրս էին եկել ուրբաթ Հողի օրվա կապակցությմաբ ցույցերի Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանի երկայնքով՝ պահանջելով վերադարձնել պաղեստինցի փախստականներին իրենց հայրենիք:

Ավելի վաղ Գազայում կազմակերպված զանգվածային ցույցին ելույթ է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմաիլ Խանիան՝ խոստանալով, որ պաղեստինցիները «չեն զիջի իրենց հողի անգամ մեկ կտորը»:

Իր կողմից Իսրայելը անկլավին հարող տարածքներն անվանել է փակ ռազմական տարածք, այս շրջաններում տեղակայվել են բանակի եւ ոստիկանության լրացուցիչ շարքեր, սահմանին գտնվում են մոտ հարյուր դիպուկահարներ:

Մարտի 30-ին պաղեստինցիները տոնում են Հողի օրը 1976-ի իրադարձությունների հիշատակին, երբ իսրայելական իշխանությունները բռնագրավել էին արաբներին պատկանող հարյուրավոր հողային հատվածներ:

Այս գործողությունները հանգեցրին զանգվածային ցույցերի, բոլոր գրավյալ տարածքներում համընդհանուր գործադուլի: Այդ ժամանակ ոստիկանության հետ բախումների ժամանակ վեց պաղեստինցիներ զոհվեցին, տասնյակ մարդիկ վիրավորվեցին, հարյուրավոր արաբներ բանտարկվեցին: