«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր` ապրիլի 1-ին, ավարտեցին այսօրվա համար նախատեսված քայլարշավը եւ նախապատրաստվում են գիշերակացի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով հայտնում է Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այս պահին իրենք գտնվում են Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի մոտակայքում:

ՔՊ մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ եւ այսօր առավոտյան հեռվից իրենց 2 մեքենա էր հետեւում, սակայն դա քայլարշավի մասնակիցներին չի անհանգաստացնում:

«Ենթադրում եմ, որ այսօր էլ շարունակում են հետեւել, սակայն այս պահին մեզ նկատելի չեն մեզ համար: Կարծում եմ, որ մենք ենք անհանգստանալու տեղիք տալիս շատերին եւ այդ պատճառով մեզ շատ ուշադիր հետեւում են»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նշենք, որ «Իմ քայլը» քայլարշավին մասնակցում է նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են քայլել շուրջ 200 կմ, որը կավարտեն Երեւանի Ազատության հրապարակում, ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին: Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի 5 խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով:

«Մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, ՀՀԿ-ի եւ քայլ է հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի: Այս ակցիայով խնդիր ունենք որոշակի վստահություն, հավատ ներշնչենք ՀՀ քաղաքացիների ուժերի նկատմամբ, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակ եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին գալ իշխանության»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: