Հայաստանի ռուսական ռազմակայանի Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումների զինծառայողները մասնակցում են «Ալագյազ» բարձրլեռնային պոլիգոնում ծավալված երկկողմ մարտավարական զորավարժություններին։Այդ մասին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:

Մեկ շաբաթվա ընթացքում զինծառայողները զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ մարտավարական գործողություններ կփորձարկեն հրետանու, հակաօդային պաշտպանության եւ ավիացիայի աջակցությամբ:

Զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն անօդաչուներ: Վարժանքների ընթացքում զինծառայողները ժայռոտ բարձլեռնային տեղանքի պայմաններում կկատարեն ստուգարքային վարժություններ, մարտական հրաձգություն կիրականացնեն հրաձգային զենքից, նռնականետներից, հետեւակի մարտական մեքենաների, տանկերի սպառազինությունից, հրետանային եւ զենիթահրթիռային թնդանոթներից:

Երկկողմ մարտավարական վարժանքներին մասնակցում են ավելի քան հազար զինծառայողներ եւ գործի են դրվել շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում կործանիչներ, բանակային եւ անօդաչու ավիացիա։