News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Պայթյուն Երեւանում. այն որոտացել է Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի ռեստորանային ցանցում: Նախնական տվյալներով՝ պայթյունի հետեւանքով 9 տուժած կա, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ: Նրանք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն: Ըստ տեղեկությունների՝ խոհանոցում պայթել է թթվածնի բալոնը:

110 զոհ, 121 վիրավոր, 500 հեկտար տարածքի կորուստ. 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հրապարակված պաշտոնական տվյալներն են: Ադրբեջանն Արցախի դեմ լայնածավալ հարձակում սկսեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով: Դրանք առավել թեժ էին առաջնագծի հարավային՝ Հադրութի եւ հյուսիսարեւելյան՝ Մարտակերտի ուղղություններով:

Եռաբլուր պանթեոնն այսօր մարդաշատ էր. եկել էին հարգելու ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակը: Այստեղ նաեւ հոգեհանգստի կարգ է կատարվել: Զոհված զինծառայողների հիշատակը հարգելու էր եկել նաեւ Հովհաննես Պողոսյանը. նա շփման գծում հակառակորդի գնդակից ծանր գանգուղեղային վիրավորում է ստացել ավելի ուշ՝ մայիսին 13-ին: Իսկ 2016 թվականի ճակատագրական ապրիլի մասին Հովհաննեսը դժվարությամբ է խոսում:

Եռաբլուր եկած Գրիգոր Հարությունյանի մայրը մինչեւ հիմա չի կարողանում հաշտվել որդու կորստի հետ: Զինվորական պանթեոնում էր նաեւ Արմենակ Ուրֆանյանի մայրը: Զոհված սպային, չնայած նրա հերոսությունների մասին բազմաթիվ պատմություններին, Ազգային հերոսի կոչում չեն տվել: Համեստ Ներսիսյանը սրտնեղում է. ասում է՝ դա չէր սփոփի կորստի ցավը, բայց Արմենակն արժանի է այդ կոչման: Այդ մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ չկա զոհված որեւէ զինծառայողի ընտանիք, որից պաշտպանության նախարարությունը երես է թեքել, բայց, ասում է, հերոսի կոչումը շնորհելու որոշումը մեկ անձ չի կայացնում:

Ինչ վերաբերում է կորցրած տարածքներին, մասնավորապես՝ Լելե Թեփե կոչվող բարձունքին: Լրագրողները զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին հարցրել են՝ ե՞րբ ենք այն վերադարձնելու: Ի դեպ՝ Մովսես Հակոբյանը, զարմանալիորեն, այդ բարձունքը ռազմավարական նշանակության չի համարում:

Գյումրիից մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» արշավը. նպատակը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը թույլ չտալն է: Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտնել է քայլարշավի երթուղու եւ վերջնակետի մասին: Քայլարշավի մասնակիցներն արդեն եղել են Վանաձորում ու Սպիտակում: Սպիտակում այսօր դադար են վերցրել ու վրաններ խփել: «Քաղաքացիական պայմանագրի» մամուլի խոսնակը, ի դեպ, հայտնել է, որ արշավի մասնակիցներին մեքենաներով հետեւում են, բայց դա, Տիգրան Ավինյանի խոսքով, նրանց չի անհանգստացնում:

Նշենք, որ «Ելք» դաշինքի մյուս երկու՝ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները որոշել են չմիանալ փողոցային պայքարին: Փաշինյանը, սակայն, հույս ունի, որ նրանք կփոխեն դիրքորոշումը: Իսկ Հանրապետականում քայլարշավին արձագանքել են՝ հայտարարելով, որ դա արհեստական օրակարգ է եւ Հանրապետական ու Դաշնակցություն կուսակցությունների քաղաքական որոշման վրա զրո ազդեցություն է ունենալու:

Գեղարքունիքի մարզում 9-12-րդ դարերի ավելի քան 270 խաչքար եւ տապանաքար են հայտնաբերել: Ներքին Գետաշենի բնակիչները դրանք գտել են գյուղի կիսավեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Եկեղեցին 19-րդ դարի սկզբներին կառուցել են Ալաշկերտից եկած եւ այստեղ մշտական բնակություն հաստատած հայերը: Վերջերս գյուղում որոշել են նույն տեղում եկեղեցի կառուցել, այդ ժամանակ էլ հայտնաբերել են խաչքարերն ու տապանաքարերը: Գտածոյի մասին արդեն հայտնել են մշակույթի նախարարությանը. հիմա սպասում են, որ մասնագետները գյուղ գան եւ ուսումնասիրեն դրանք:

Իվետա Մուկուչյանը՝ լավագույն երգչուհի, Էրիկը՝ լավագույն երգիչ: Մարտի 31-ին տեղի ունեցավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Մրցանակներ ստացան նաեւ Nemra-ն՝ «Լավագույն ռոք խումբ», «Արցախի ձայները»՝«Լավագույն փոփ խումբ» անվանակարգերում, իսկ Գարիկ Պապոյանի եւ Սոնա Ռուբենյանի «Լուսինը» ճանաչվեց տարվա հիթ: Մրցանակաբաշխության ժյուրիի կողմից հատուկ մրցանակ շնորհվեց Տիգրան Մանսուրյանին՝ «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» նախագծի համար, Ավետ Բարսեղյանին եւ Ռիտա Սարգսյանին՝ «Ճանապարհ դեպի հեքիաթային աշխարհ» մանկական նախագծի համար, Սիրուշոյին՝արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար, Արթուր Գրիգորյանին՝ հայ երգարվեստում ունեցած ներդրման համար:

Այս մրցանակաբաշխությունում էլ, սակայն, ամեն ինչ հարթ չի եղել. դժգոհ արտիստներ կան: «Նոր ալիք» միջազգային մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Սյուզաննա Մելքոնյանին մշակույթի նախարարությունում ասել են, որ երգչուհին ինքը պետք է հետեւեր իրենց կայքին ու մասնակցության հայտ ներկայացներ: Սյուզաննան տարակուսել է ու վիրավորվել. մի՞թե արտիստներն իրենք պետք է խնդրեն, որ գնահատեն իրենց:

Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Քվեարկության արդյունքում 29-ամյա Մխիթարյանն առաջ է անցել մյուս 3 թեկնածուներից՝ գերմանացի Մեսութ Օզիլից, ուելսցի Աարոն Ռեմզիից ու բոսնիացի Գրանիտ Ջակայից: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է «Սթոք Սիթիի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի հանդիպումից առաջ: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մարտին «Արսենալի» կազմում մասնակցել է 5 խաղի եւ դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Ապրիլի 2-ին դոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են: Դոլարի փոխարժեքը արդյունքում կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 587, ռուբլունը՝ 8 դրամ 30 լումա, ֆունտինը՝ 668 դրամ:

Ապրիլի 3-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին՝ անձրեւ եւ ամպրոպ: Առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը ցերեկը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ