News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի պարտեզներում կօծի հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արեւելքի եւ Արեւմուտքի իսկական կամուրջ եւ էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ օծման արարողությունը տեղի կունենա հինգշաբթի՝ 2018թ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի ներկայությամբ։

Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երեւանցին է։ Բրոնզե արձանը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության ձուլարաններից մեկում՝ շնորհիվ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի եւ Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցության։ Արձանի երկու օրինակ է ձուլվել, որոնցից մեկը Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի համար։ Այսպիսով, արվեստի միջոցով մի ուղերձ է փոխանցվում, որն ի զորու է սերտացնել հարաբերությունները քույր եկեղեցիների միջեւ։

Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը Վատիկանին եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրելու գաղափարը ծագեց երկու տարի առաջ, Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում, երբ Նախագահ Սարգսյանը Սուրբ Հորը նվիրեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փոքրիկ բրոնզե արձանը՝ հուսալով մի օր դրա խոշոր տարբերակը տեսնել Վատիկանի պարտեզներում։

Գրիգոր Նարեկացու մասին

Գրիգոր Նարեկացին եղել է միստիկ բանաստեղծ, հոգեւորական, աստվածաբան, փիլիսոփա  եւ սուրբ (951-1010). Նա հայոց պատմության առանցքային, գրեթե հերոսական դեմքերից է համարվում, քանի որ կերտել է արեւելյան քրիստոնեական մտքի հիմնասյուները։ Որոշ առումներով, մտավոր տեսանկյունից նրան կարելի է համեմատել Դանթե Ալիգիերիի հետ եւ այս պատճառով գիտնականները նրան համարում են բացառիկ կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։

2015 թվականի ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս Պապը առաքելական հռչակագրով նրան շնորհեց Տիեզերական եկեղեցու վարդապետի բարձր տիտղոսը, ինչի մասին հայտարարվեց նույն օրը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվող հատուկ պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, ինչպես նաեւ Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ներսէս Պետրոս ժԹ Կաթողիկոսի ներկայությամբ։

Եկեղեցու վարդապետի տիտղոսը Գրիգոր Նարեկացուն շնորհվեց՝ հաշվի առնելով նրա նշանակալի վարդապետությունն ու սրբի կյանքը։

Կաթոլիկ եկեղեցին նրա հիշատակին տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ին։

Գրիգոր Նարեկացին փոքրուց հարուստ ուսում էր ստացել հոգեւորական վարդապետ Անանիայից, որի շնորհիվ ծանոթացել էր հույն եւ արեւելցի սուրբ հայրերի նշանավոր ստեղծագործություններին, եւ կարողացել ամենօրյա աղոթքը սնել սուրբ գրերի ոգով։ Նա իր կյանքն անց է կացրել ուսման, աղոթքի, այլոց կրթելու գործի մեջ՝ խորհրդածելով բնության մասին։ Իր ուսումնասիրությունների արդյունքում ստացած ավանդական գիտելիքը նա վերաշարադրեց քրիստոնեության պատմության մեջ նշանավորված բանաստեղծական վեհ լեզվով։

Մահից հետո Սուրբ Գրիգոր Նարեկացու մարմինն ամփոփվեց Նարեկա վանքում, որտեղ նա ապրել էր եւ որն իսկույն դարձավ սրբավայր՝ ի ճանաչումն նրա սուրբ կյանքի եւ հարուստ հոգեւոր ժառանգության։

Գրիգոր Նարեկացու ամենանշանավոր աշխատությունը Մատյան Ողբերգությանն է, բանաստեղծության տեսքով գրված 95 աղոթքների հավաքածուն, որը բոլոր ժամանակների պոեզիայի եւ միստիկ գրերի մեծագույն գլուխգործոցներից մեկն է։ Գիրքը պատմում է հոգեւոր ճանապարհորդության մասին, որի կենտրոնում մարդու հոգին է՝ իր վախերով, բարձր ձգտումներով եւ Աստծո հավատի քաղցով։ Դա մի վեհ բանաստեղծություն է, որը, ողբ լինելով հանդերձ, ի զորու է շահել Աստծո ողորմածությունը։ Այն ոչ թե լաց է, այլ խթան, որը հոգուն ճախրելու թեւեր է տալիս։

Քանդակագործի մասին

Դավիթ Երեւանցին մեր ժամանակների հայ նշանավոր արվեստագետներից է։ Ծնվել է 1940 թվականին Երեւանում, ուսանել Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում, որտեղ զարգացրել է քանդակագործի իր առանձնահատուկ ոճը՝ հիմնված անտիկ ավանդույթների ժամանակակից վերամարմնավորման վրա։ 1974 թվականին բնակություն է հաստատել Փարիզում։ Ներկայումս ապրում եւ աշխատում է Փարիզում եւ Երեւանում։

Երեւանցին Փարիզի, Մոսկվայի, Պրահայի եւ Երեւանի պատկերասրահների հավաքածուներում ներառված իր աշխատանքներով մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Չեխիայի Հանրապետությունում եւ այլ երկրներում։ 1960-ից 70-ական թվականներին նրա կերամիկական էքսպերմենտալ աշխատանքներն արժանացել են տարբեր մրցանակների։ Երեւանցու քանդակագործական ամենահայտնի աշխատանքների թվում է հայ կոմպոզիտոր Կոմիտասի արձանը Փարիզում, ինչպես նաեւ հայկական ծագումով ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի արձանը Երեւանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Դուք միայն փողոցի հղփացած տղայի կերպարով կարողանում եք հոխորտալ ազգային կառույցների վրա. Տեր Գաբրիել քահանա Վարդանյան
«Ֆեյք նյուզեր»-ի  պատասխանատուները, ինչպես ասում էր նրանցից մեկը հանրային, բայց իշխանական խոսափողով, չեմ կարծում, որ միամիտ մարդիկ են, ու լավ...
Մայր Աթոռն առնվազն խախտել է պատվիրանից մեկը՝ «մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Սա է իսկական Հայաստանի Հանրապետությունը, ու այս իսկական ՀՀ-ի հետ ենք բոլորս կապում մեր ապագան...
Ամենաշատ