News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովին։

«Նախեւառաջ` շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Կուժուգետի Շոյգուին՝ արդեն իսկ ավանդական դարձած միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովին մասնակցելու հրավերի համար: Այս տարի համաժողովն անցկացվում է միջազգային հարաբերություններում բարձր լարվածության պայմաններում, եւ մեր այսօրվա նիստի թեման, որ կրում է «Գլոբալ անվտանգությունը բազմակենտրոն աշխարհում» խորագիրը, հատկապես այժմեական է:

Թեմայի հրատապությունն ակնհայտ է արդեն իսկ նրանով, որ մեր նիստի անվանման մեջ կիրառվող յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր եզրույթ իր մեջ կրում է վերափոխման, խորը կերպարանափոխման հետք: Եկեք այս ամենը քննենք առանձին-առանձին:

«Գլոբալ» բառը, որը ժամանակին նշանակում էր համապարփակ, համապիտանի, ընդհանրական, այսօր դյուրին կերպով կիրառվում է ցանկացած տարածաշրջանային մակարդակի այնպիսի երեւույթի կամ գործընթացի նկատմամբ, որն անմիջականորեն արտացոլվում է միջազգային ասպարեզում: «Գլոբալ» տեղական ահաբեկչական գործողությունը Մանհեթենում 2001թ.-ին, «գլոբալ» քաղաքացիական պատերազմը Հարավային Սուդանում, «գլոբալ» հաքերային հարձակումը աշխարհով մեկ սոցիալական ցանցի միլիարդավոր օգտատերերին սպասարկող կորպորացիաներից մեկի սերվերների դեմ: Վերջին տարիներին զգալիորեն մեծացել է «գլոբալ» ծավալների հավակնող իրադարձությունների թիվը, կտրուկ ավելացել է «գլոբալ» որոշումների մշակման, ընդունման եւ իրականացման վրա ազդեցություն գործող տեղական եւ տարածաշրջանային գործընթացների քանակությունը:

Վերափոխվում է նաեւ «անվտանգություն» հասկացությունը: Այն, ինչի մակարդակը մենք սովոր էինք չափել մոբիլիզացիոն ռեսուրսով, սպառազինության եւ զինամթերքի որակով ու քանակով, սկզբում ամրոցների, այնուհետեւ՝ ռազմավարական նշանակության զսպող զինատեսակների հուսալիությամբ, իր բազմագործոնության, անկախատեսելիության եւ փոխկապվածության շնորհիվ մեկ ակնթարթում վերածվել է ինչ որ անչափելի երեւույթի:

Վերափոխման է ենթարկվում նաեւ «աշխարհի բազմակենտրոնություն» հասկացությունը: Ի դեպ, սա ակնհայտ է արդեն իսկ նրանով, որ այս բառով փոխարինվել է նման ֆորումների համար շատ ավելի սովորական դարձած «աշխարհի բազմաբեւեռություն» հասկացությունը: Կարծում եմ սա պատահական չէ, քանզի բազմաբեւեռությունն ինքնին ենթադրում է հակընդդեմություն, քանի որ բեւեռները, ըստ սահմանման, հակընդդեմ են. աշխարհագրության մեջ դա հյուսիս - հարավն է, մաթեմատիկայում ու ֆիզիկայում՝ պլյուսն ու մինուսը: Բազմաբեւեռությունը ենթադրում է մեկ առանցքի եզրային, իրար հակառակ կետերի առկայություն:

Ընդհանրապես, ինքնին «բազմաբեւեռություն» հասկացությունը դիտվում է որպես հակատրամաբանություն – ալոգիզմ, քանզի մտացածին ձեւափոխումն է «երկբեւեռ» աշխարհի հայեցակարգի, այսինքն՝ աշխարհի, որի առանցքի երկու ծայրերին գտնվում են երկու հակոտնյա: «Բազմաբեւեռությունը» արդեն իսկ ենթադրում է միանգամից մի քանի առանցքների առկայություն, որն ակհայտորեն չի արտացոլում 20-րդ դարի եւ 21-րդ դարասկզբի աշխարհակարգի իրողությունները:

Բազմակենտրոնությունը բազմաբեւեռությունից տարբերվում է ինչպես երկուսից ավելի ազդեցության կենտրոնների առկայությամբ, այնպես էլ «առանցքի» հայեցակարգի փոխարինմամբ ակներեւ ցանցային կառուցվածքով:

Մենք բոլորս հիշում ենք Ֆրենսիս Ֆուկույամայի առաջ քաշած՝ ժամանակին չափազանց մոդայիկ «Պատմության վերջը» հայեցակարգը, որը հիմնված էր գաղափարական դիմակայության ավարտի պատճառով միջազգային օրակարգի սպառվածության տեսության վրա: Եվ ահա, «բազմակենտրոնության» յուրահատկություններից մեկն այն է, որ նորագույն համաշխարհային պատմության օրակագը շատ ավելի ընդարձակ է, քան Արեւմուտքի եւ Արեւելքի գաղափարական հակամարտությունը:

«Բազմակենտրոնությունում» հիմնական ծանրությունը ընկնում է ոչ միայն եւ ոչ այնքան առանձին վերցրած «ցանցի» ներսում գլոբալ դերակատարներից յուրաքանչյուրի ճշգրիտ ազդեցության հաշվարկի, որքան ցանցային կառույցների քանակության վրա, որոնցում դերակատարներից յուրաքանչյուրն ունի N քանակի փոխադարձ կապեր եւ դրանց համարժեք ռեսուրսների ու ազդեցության մակարդակ:

Այսպիսով, «գլոբալ» եւ «անվտանգություն» հասկացությունների վերափոխումը արմատապես փոխում է բոլոր մակարդակներում դերակատարների փոխհարաբերությունների կառուցվածքը: Ընդ որում, «բազմակենտրոնություն» հասկացությունը, ինքնին բացառում է դերակատարներից որեւէ մեկի հաղթանակի հնարավորությունը զրոյական արդյունքով «խաղում»՝ անկախ իր ունեցած կարողություններից եւ ռեսուրսներից: Փոխգործողության թեմաների բազմազանության ավելացման, հիմնական խաղացողների կազմի ընդլայնման, տեղեկատվության փոխանակման եւ որոշումների կայացման արագությունների ավելացման պայմաններում միջազգային հանրությունը, այսինքն նրա բոլոր դերակատարները` սկսած պետություններով եւ վերջացրած քաղաքացիական հասարակության ինստիտուտներով, մամուլով եւ կորպորացիաներով, համաշխարհային կրոններով եւ ոչ պաշտոնական միավորումներով, պարզապես «դատապարտված են», այս բառի ամենադրական իմաստով, ներգրավվելու փոխգործակցության մշտական գործընթացում` փոքր, միջին եւ մեծ արդյունքներով, որոնք ոչ միայն չեն բացառում առաջընթացը եւ մյուս բոլոր դերակատարների ամրապնդումը, այլեւ ընդհակառակը՝ հենց դա են ենթադրում:

Առաջին տպավորությունն այն է, որ այսպիսի աշխարհակերտվածքը ամենադժվարինը կլինի տեսակարար փոքր կշռով (բնակչությամբ, տարածքով, ռեսուրսներով) երկրների համար: Սակայն այսպիսի պատկերացումը չի հաստատվում իրերի առկա դրությամբ: Ավելին, անցումը երկբեւեռությունից բազմակենտրոնության, հավանաբար գլոբալ հանրույթի ամրապնդման եւ դինամիկ զարգացման գլխավոր երաշխիքն է: Ընդ որում, աճի եւ դինամիկ զարգացման լայն հնարավորություններ են բացվում ոչ միայն խոշոր, այլեւ շատ ավելի համեստ խաղացողների համար: Ասվածը կհիմնավորեմ երեք հիմնական փաստարկով:

1. «Բազմակենտրոնությունը» կտրուկ կրճատում է զրոյական արդյունքով խաղի հեռանկարները: Այսպիսի արդյունքով խաղում վատագույնն այն է, որ միշտ շահած է դուրս դուրս դերակատարներից միայն մեկը, եւ ոչ միայն պարտվածը, այլեւ մնացած բոլորն են մնում ձեռնունայն: «Բազմակենտրոն» աշխարհում բոլորը, թեկուզեւ տարբեր աստիճանով, կարող են փոխադարձ շահեկան պայմաններով ավարտել «գործարքների» մեծամասնությունը:

2. «Բազմակենտրոնությունը» չի ենթադրում բաժանում սեւ-սպիտակ աշխարհի, եւ բազմակենտրոն գործարքների ցանցերից մեկում սերտ փոխգործակցությունը չի բացառում դերակատարների այս կամ այն խմբի միջեւ նույնպիսի սերտ համագործակցություն մեկ այլ ցանցում: Սա բաց է պահում հաղորդակցության եւ երկխոսության ուղիները՝ միջազգային հանրության բոլոր մասնակիցների համար ձեւավորելով բազմաթիվ «հարմարավետության գոտիներ»:

3. Եվ վերջապես, «բազմակենտրոնությունը» գործընթացը չի դարձնում նպատակի պատանդ: «Բազմակենտրոնությունը» տեղեկատվությամբ, հմտություններով եւ ռեսուրսներով փոխանակման միջոցով փոխադարձ հարստացման գործընթաց է ենթադրում:

Բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է Հայաստանը: Անկախության առաջին իսկ օրերից մենք հաճախ լսել ենք, որ պետք է կատարել աշխարհաքաղաքական ընտրություն՝ «կամ, կամ» սկզբունքով: Այս մասին գրել են մեր տեղական եւ միջազգային փորձագետները, սրա մասին բազմիցս ասել են մեր խորհրդարանի այս կամ այն խմբակցության ներկայացուցիչները, սա են մեզ պնդել մի շարք երկրների պատվիրակները, ովքեր գլուխ էին կոտրում` փորձելով դիվիդենտներ քաղել ուժային այս կամ այն կենտրոնի նկատմամբ ցուցադրական ատելությունից:

Մեր մոտեցումը մշտապես բխել է այն համոզմունքից, որ երկրի դիրքորոշումը այս կամ այն գործընթացի, առավել եւս՝ այլ պետությունների հետ փոխհարաբերությունների նկատմամբ, պետք է հիմնված լինի փոխադարձ խորը հարգանքի եւ ընդհանուր, համատեղ՝ պատմությանը եւ արժեհամակարգին հարիր վերաբերմունքի վրա, որոնց շուրջ էլ կառուցվում է քաղաքականությունը: Եվ սա առաջին հերթին վերաբերում է անվտանգության խնդիրներին:

Անկասկած, Հայաստանը լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի եւ՛ մեր ընկերների ու դաշնակիցների, առաջին հերթին՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, եւ՛ մեր գործընկերների համար ակնհայտ լինի, որ մեր քաղաքականությունը կառուցվում է ոչ թե տարածաշրջանային եւ գլոբալ դերակատարների դիմակայության մանիպուլյացիայի գոտում, այլ ընդհակառակը՝ նրանց շահերի խաչման կետում: Իհարկե, «բարյացակամորեն» տրամադրվածներն ամենուր են, ովքեր լոբբիստների, ԶԼՄ-ների, հետազոտական կենտրոնների միջոցով փորձում են Հայաստանը Արեւմուտքին ներկայացնել որպես «Ռուսաստանի կառավարման տակ գտնվող խամաճիկային պետություն», իսկ Ռուսաստանի աչքում՝ որպես «փախստակ, որը փորձում է միաժամանակ նստել երկու աթոռի վրա»:

Բարեբախտաբար, «բազմակենտրոն աշխարհի» բոլոր կենտրոնների հետ հարաբերությունների համակարգի զարգացման ուղղությամբ Հայաստանի հետեւողական ու թափանցիկ քաղաքականությունը տալիս է իր արդյունքները: Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ անցկացված անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի շրջանակներում կայացած նիստին` նվիրված Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններին, բոլոր ելույթ ունեցողները՝ ինչպես Ռուսաստանի Դաշնությունից, այնպես էլ եվրոպական կառույցներից, բերում էին Հայաստանի օրինակը՝ որպես փոխգործողության իր ձեւաչափերը առավել արդյունավետորեն համադրող երկրի:

Լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ երկրներից մեկը` Հայաստանն այս կազմակերպությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ երկկողմ փոխգործակցությունը դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման գլխավոր արտաքին բաղադրիչ: Մենք հպարտ ենք նրանով, որ հետեւողականորեն ջատագովել ենք եւ շարունակում ենք ջատագովել ՀԱՊԿ-ի ներուժի ամրապնդման օգտին, եւ նաեւ այն բանի համար, որ հենց Հայաստանի նախագահության տարում Հավաքական անվտանգության խորհուրդը հաստատեց մեր կազմակերպության Անվտանգության ռազմավարությունը: Մենք հետայսու եւս շարունակելու ենք անել ամեն ինչ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման ուժերի կարողությունների ավելացման եւ կազմակերպության խաղաղապահ ներուժի ձեւավորման համար:

Այս ամենով հանդերձ՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանն արդյունավետորեն փոխգործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Հայ խաղապահները, բացի Լիբանանում եւ Մալիում իրականացվող Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելություններից, մասնակցում են նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի իրավազորած ՆԱՏՕ-ի առաքելություններին Աֆղանստանում եւ Կոսովոյում:

Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ` Հայաստանը համապարփակ փոխգործողության համաձայնագիր է ստորագրել Եվրոպական Միության հետ: Միաժամանակ՝ մենք ամենաբարեկամական հարաբերություններն ունենք Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, արաբական եւ լատինաամերիկյան պետությունների հետ: Եվ մենք սրանում որեւէ տարիմաստություն չենք տեսնում, քանի որ համոզված ենք, որ բազմակենտրոն աշխարհում հարաբերությունները հենց այսպիսին պետք է լինեն:

Ընդ որում, մեր գլխավոր կանոնը հարաբերություններում առավելագույն թափանցիկությունը եւ հուսալիությունն է: Միակ բանը, որը մեզ թույլ է տվել հասնել այս ամենին, այն է, որ միշտ զերծ ենք մնացել գայթակղությունից. օրինակ` Բրյուսելում չենք ասել այնպիսի մի բան, որն այնտեղ կընդունվեր ծափողջույններով, սակայն ցանկալի չէր լինի, որ լսեն Մոսկվայում, եւ` հակառակը: Մենք ստանձնել ենք միայն այնպիսի պարտավորություններ, որոնք վճռականորեն տրամադրված ենք եղել կատարելու, եւ կատարել ենք այն ամենը, ինչ խոստացել ենք:

Պետք է նշեմ, որ մեր գործելակերպն արժանացել է մեր գործընկերների համարժեք վերաբերմունքին: Ես չեմ կարող վերհիշել որեւէ դեպք, երբ ռուսական կողմը պետական մակարդակով նույնիսկ ակնարկով կասկածի տակ դներ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի, եվրոպական երկրների եւ կազմակերպությունների հետ: Նույնկերպ ես երբեք չեմ նկատել, որ ամերիկյան եւ եվրոպական պաշտոնակիցները անըմբռնողություն դրսեւորեն Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունների նկատմամբ:

Ակնհայտ է, որ բազմակենտրոն աշխարհի հաստատման կարեւորագույն տարրերից մեկը խաղի կանոնների պահպանման գլոբալ մեխանիզմների ձեւավորումն է: Եթե հետհայացք ձգենք 20-րդ դարի հետպատերազմյան փուլի աշխարհակարգի կառուցման փորձին, ապա պարզ կդառնա, որ միջազգային հարաբերությունների այդ համակարգի գլխավոր թերամշակումը եղան միջազգային իրավունքում տապալված քննությունները, քննություններ, որոնց հետ միջազգային հանրությունը կապում էր հսկայական հույսեր: Իհարկե, եղել են նաեւ անվիճարկելի հաջողություններ` սկսած ՄԱԿ-ի միջազգային դատարանում հարթված լրջագույն վեճերից եւ վերջացրած միջազգային ծովային իրավունքի կոնվենցիայով եւ քաղաքացիական ավիացիայի միջազգային համակարգի արդյունավետ կարգավորմամբ: Սակայն սրանք չէին Ազգերի Լիգայի եւ Միացյալ Ազգերի Կազմակերպության ստեղծման հիմքում: Ակնհայտ է, որ ստեղծման պահին այս կառույցների հետ կապված գլխավոր հույսերը՝ կապված հարատեւ խաղաղության պահպանման եւ բոլոր պատերազմների կանխման հետ, ցավոք սրտի, հիմնականում չարդարացան: Ավելին, գլոբալ աղետից հնարավոր եղավ խուսափել հենց երկբեւեռ աշխարհի ստեղծած հակակշիռների շնորհիվ:

Այսօր, պետական, տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքների արմատականացման պայմաններում, «ինչն է կարելի, ինչը՝ ոչ», «կարող եմ եւ չեմ կարող» հասկացությունների ամբողջական նենգափոխման պայմաններում, պարզամտություն կլինի հույս դնել անցած դարի սկզբին ձեւավորված մեխանիզմների եւ համաշխարհային իրավակարգի համարժեքության վրա:

Հիմնական հարցը հետեւյալն է. պե՞տք է արդյոք լինի նոր, երկրորդ աշխարհամարտի հետ իր ծավալներով համեմատելի գլոբալ ցնցում, որպեսզի հնարավոր լինի ձեւավորել նոր, ժամանակին համարժեք պատասխան: Հուսով եմ` ոչ, եւ վստահ եմ, որ այս համաժողովի ձեւաչափով տեղի ունեցող շփումները, նմանօրինակ այլ ֆորումները մեզ մոտեցնում են այս կարեւորագույն հարցի պատասխանը գտնելուն:

Շնորհակալություն ուշադրության համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ