News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացել է Հայաստանում ԵՄ անդամ երկրների (շուրջ 10 երկիր), ԱՄՆ ու Շվեյցարիայի դեսպանությունների համար երկրաշարժերից եւ այլ արտակարգ իրավիճակներից պատրաստվածության համատեղ վարժանքներ կազմակերպելու հանդիպում-քննարկում:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում դեսպանությունների ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, հոգեբանական ծառայություն եւ աղետների բժշկության կենտրոն՝ ծանոթանալու դրանց առաքելությանն ու հիմնական խնդիրներին:

Քննարկմանը ներկայացվեցին ԱԻ նախարարության ձեւավորման ընթացքն ու կառուցվածքը, ապա անդրադարձ եղավ Հայաստանին սպառնացող աղետներին՝ մասնավորապես երկրաշարժերին, դրանց դիմակայելու ՀՀ կարողություններին եւ քաղաքացիների վարքականոններին:

Սեմինարի ընթացքում ՀՀ ԱԻ նախարարության եւ դեսպանատների ներկայացուցիչները քննարկեցին հնարավոր աղետներին արագ արձագանքելու համատեղ գործողությունները:

Միջոցառման շրջանակում ապրիլի 5-6-ը ՀՀ ԱԻ նախարարությունը ՀՀ Կոտայքի մարզում իրականացնում է նաեւ դաշտային ուսումնավարժություն՝ «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով:

Վարժանքն անցկացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան:

Նպատակն է կատարելագործել հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի հմտությունները եւ ՀՀ օտարերկրյա գործընկերներին հնարավորություն տալ գործնականում տեսնելու հնարավոր աղետի դեպքում ՀՀ ԱԻՆ կարողություններն ու ձեռնարկվող միջոցառումները:

Վարժանքի գործնական հատվածն անցկացվում է «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում եւ Արզնու ձորում: Դրանց ներկա էին նաեւ ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները:

Ըստ սցենարի` պայմանական երկրում վաղ առավոտյան գրանցվել է 6.7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, կան ավերածություններ, զոհեր ու վիրավորներ: «Տուժած երկիրն» օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը, եւ այդ նպատակով VIRTUAL OSOCC (On Side Operations Coordination Centre) կայքում տեղադրվել է երկրաշարժի հետեւանքների, ստեղծված իրավիճակի, «տուժած երկրի» իշխանությունների կողմից կազմակերպված արձագանքման եւ պահանջվող օգնության վերաբերյալ տեղեկատվություն:

Հայաստանն արձագանքում է օգնության խնդրանքին: Իրականացվում է ՄԱԿ-ի միջազգային չափանիշներով որակավորված ՀՀ ԱԻՆ 50-հոգանոց քաղաքային որոնողափրկարարական հիմնական եւ պահեստային թիմերի ազդարարում:

Անցնելով սահմանված ընթացակարգը (փաստաթղթային եւ բժշկական ստուգումներ, խնդրադրում եւ այլն)՝ հայկական թիմը հասնում է «տուժած երկիր», բացազատվում եւ իրեն հատկացված տեղամասերում ձեռնամուխ լինում փրկարարական աշխատանքների:

Ուսումնավարժանքը տեւելու է 36 ժամ եւ շարունակվելու է ապրիլի 6-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ