News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Վատիկանի պարտեզներում Գրիգոր Նարեկացու արձանն է տեղադրվել: Հռոմի Պապն այսօր օծել է Տիեզերական եկեղեցու վարդապետի բրոնզաձույլ արձանը: Արարողությանը ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները: Նշենք, որ Գրիգոր Նարեկացու արձանը, որի հեղինակը քանդակագործ Դավիթ Երեւանցին է, պատրաստված է երկու օրինակով. մեկը տեղ գտավ Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգեւոր կենտրոն Էջմիածնում։ 

Իսկ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Վատիկան մեկնարկել է Ֆրանցիսկոս Պապի հետ առանձնազրույցով: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը Հռոմի Պապին Սուրբ Գայանե եկեղեցու արծաթե մանրակերտն է նվիրել, իսկ Նորին Սրբությունից որպես նվեր ստացել վատիկանյան թանգարաններում պահվող Սուրբ ընտանիքը պատկերող քանդակի մարմարե կրկնօրինակը, ինչպես նաեւ նրա հեղինակած վերջին երեք գրքերի օրինակները:

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետն «ավետել է». առաջիկա օրերին կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, բայց զգուշացրել է. դա ոչինչ չի նշանակում, նույն տեմպով աշխատել են:

Իսկ այսօրվա հանձնարարականներից մեկը վերաբերել է տեխնիկական անվտանգության պահանջների պահպանմանը: Վարչապետը հիշեցրել է օրերս «Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետեւանքով 8 մարդ տուժեց, մեծ մասը՝ երեխաներ: ԱԻ նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի արտադրական վտանգավոր օբյեկտներում, ինչպես նաեւ հանրային սննդի կետերում եւ այլ կազմակերպություններում պահպանվեն հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվային պահանջները: Եթե խախտումներ հայտնաբերվեն եւ չվերացվեն, պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն:

Ամբողջությամբ կառավարման խորհրդարանական կարգի անցնելուց հետո Հայաստանի նորընտիր վարչապետը երկու նստավայր կունենա. մեկը՝ Բաղրամյան 26-ում, մյուսը՝ գործադիրի այժմյան շենքում: Դավիթ Հարությունյանը սրանում զարմանալի ոչինչ չի տեսնում: Լրագրողներին շարունակում է անհանգստացնել կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշումը, Դավիթ Հարությունյանն էլ շարունակում է հանգստացնել. կառավարության յուրաքանչյուր նիստից հետո լրագրողներն իրենց հուզող հարցերը նախարարներին ուղղելու հնարավորություն կունենան:

Գործող նախագահը նորընտիր նախագահին ազատել է դեսպանի պաշտոնից: Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Սարգսյանն ազատվել է Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Հիշեցնենք, որ մարտի 2-ին Ազգային ժողովն Արմեն Սարգսյանին Հայաստանի 4-րդ նախագահ ընտրեց: Նորընտիր նախագահը լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում: Այդ օրը կավարտվի նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Իսկ հանրապետության վարչապետին Ազգային ժողովը կընտրի ապրիլի 17-ին:

Երեւանում 9 ամսական երեխա է մահացել: Աղջկան արդեն մահացած հիվանդանոց են տեղափոխել երեկ: Նախնական տեղեկություններով՝ երեխայի մայրն ու մորաքույրը փորձել են փոխել փոքրիկի խցանված տրախեոստոմիկ խողովակը, բայց չեն կարողացել նորը տեղադրել: Արդյունքում երեխայի մոտ շնչառական, հետո նաեւ սրտի կանգ է եղել: Ոստիկանության տեղեկացմամբ՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

2017 թվականին Հայաստանում դատապարտվածների թիվը կազմել է 2410: Սրանք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներն են: Դրանց համաձայն՝ դատապարտվածներից 181-ը կանայք են, 96-ը՝ անչափահաս, որից 4-ը՝ աղջիկ: Մեծ է նաեւ ազատազրկված պաշտոնյաների եւ զինվորականների թիվը. 2017 թվականին դատապարտվածներից պաշտոնատար անձինք են 48-ը, զինծառայողներ՝ 481-ը:

Եվս մեկ վիճակագրություն էլ հրապարակել է Քննչական կոմիտեն: Այս դեպքում ուշագրավ է երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների հատվածը. 2017 թվականին նման հանցագործության 101 դեպք է արձանագրվել: Տուժողներից ամենափոքրը 5 տարեկան է եղել: Սեռական բնույթի հանցագործություններից ամենաշատը, սակայն, տուժել են 14-16 տարեկան երեխաներ:

Գերմանիայի դեսպանատունը շարունակելու է ընդունել Շենգենյան գոտու մի շարք երկրներ մուտքի արտոնագրի դիմումները, թեեւ ավելի վաղ հայտարարվել էր, որ ապրիլի 3-ից Հայաստանի քաղաքացիներին այդ ծառայությունը մատուցելու է ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությունը: Գերմանիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ պատճառն ընդամենը տեխնիկական է, «ՎիզաՄետրիկ»-ի հետ պայմանավորվածությունը շարունակում է ուժի մեջ մնալ:

Հայաստանի քաղաքացիների տվյալների մշակումը թուրքական ընկերությանը վստահելու՝ Գերմանիայի դեսպանության որոշումը դժգոհություն էր առաջացրել մեր երկրում: Արդարադատության նախարարությունը, սակայն, պահանջել է առայժմ կասեցնել «ՎիզաՄետրիկ»-ի կողմից Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալները հավաքելու կամ օգտագործելու հնարավորությունը: Հիմա նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ուսումնասիրում է, թե որքանով է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում Հայաստանի օրենսդրությանը:

Ապրիլի 5-ին դոլարն ու եվրոն էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 589, ռուբլունը՝ 8 դրամ 35 լումա, ֆունտինը՝ 675 դրամ:

Ապրիլի 6-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 6-7 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ