«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությանը միացել է նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Այս մասին NEWS.am-ին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հասել են Դիլիջան: Նրանք այնտեղ կլուսացնեն եւ լուսաբացից կշարունակեն «Իմ քայլը» քայլարշավը դեպի Ազատության հրապարակ։
Նշենք, որ քայլերթը մարտի 31-ին, Գյումրիից Նիկոլ Փաշինյանը մենակ սկսեց, սակայն ընթացքում նրան էին միանում իր թիմակիցները: Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են քայլել շուրջ 200 կմ, որը կավարտեն Երեւանի Ազատության հրապարակու, ապրիլի 13-ին ժամը 18.30-ին: Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով:
«Մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, ՀՀԿ-ի եւ քայլ է հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի: Այս ակցիայով խնդիր ունենք որոշակի վստահություն, հավատ ներշնչենք ՀՀ քաղաքացիների ուժերի նկատմամբ, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակ եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին գալ իշխանության»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
.jpg)
.jpg)




























