«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներն այսօր` ապրիլի 8-ին, ավտոերթով միացան Նիկոլ Փաշինյանի «Իմ Քայլը» նախաձեռնությանը:
Նրանք այս պահին փակել են Երեւան-Սեւան մայրուղին եւ բարձրախոսով վանկարկում են «Քայլ արա, մերժիր Սերժին»: Որոշ վարորդներ փորձեցին կոնֆլիկտ հրահրել՝ պահանջելով անհապաղ բացել ճանապարհը, սակայն ամեն բան շատ արագ հարթվեց։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պայքարն ուղղված չէ ծովագյուղցիների կամ որեւէ այլ քաղաքացու դեմ։
Նախաձեռնության անդամները գտնվում են Գեղարքունիքի մարզում, Ծովագյուղ համայնքի մոտակայքում:
Նշենք, որ «Իմ քայլը» նախաձեռնությանը միացել է նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նշենք, որ քայլերթը մարտի 31-ին, Գյումրիից Նիկոլ Փաշինյանը մենակ սկսեց, սակայն ընթացքում նրան էին միանում իր թիմակիցները: Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են քայլել շուրջ 200 կմ, որը կավարտեն Երեւանի Ազատության հրապարակում, ապրիլի 13-ին ժամը 18.30-ին: Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով:
«Մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, ՀՀԿ-ի եւ քայլ է հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի: Այս ակցիայով խնդիր ունենք որոշակի վստահություն, հավատ ներշնչենք ՀՀ քաղաքացիների ուժերի նկատմամբ, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակ եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին գալ իշխանության»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:




























