Ռուսաստանը բարձր է գնահատում ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլիայի թունավորման հարցով Տաջիկստանի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս անդամների համերաշխությունը Մոսկվայի հետ։ Այս մասին Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ բանակցությունների արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրորվը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Շնորհակալ ենք մեր գործընկերներին ՄԱԿ–ում սերտ համակարգված աշխատանքի համար, այդ թվում՝ ռուսական առաջնահերթությունները սատարելու եւ հակառուսական ենթատեքստ ունեցող կասկածելի նախաձեռնություններին չաջակցելու համար»,–նշել է ՌԴ նախարարը։
«Ապրիլի 4-ին Հաագայում կայացած Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի հատուկ նիստում մենք ՀԱՊԿ անդամ պետությունների անունից համատեղ հայտարարություն արեցինք, որով պահանջում էինք թափանցիկ, անաչառ, պրոֆեսիոնալ հետաքննություն իրականացնել՝ ղեկավարվելով Քիմիական զենքի արգելման կոնվենցիայով»,–շեշտել է Լավրովը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։