News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի գործող նախագահը հեռացավ պաշտոնից, նորընտիր նախագահը՝ երդվեց: Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունը տեղի ունեցավ Մարզահամերգային համալիրում գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում: Դեռ առավոտյան Մատենադարանից նախագահի նստավայր է տարվել Վեհամոր Ավետարանը, իսկ Սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, որոնց վրա 1996 թվականից ի վեր երդվում են Հայաստանի նորընտիր նախագահները: Հետո արդեն դրոշի հետ միասին պետական եւ հոգեւոր խորհրդանիշերը հանդիսավորությամբ տարվել են երդմնակալության անցկացման վայր:

Այսօրվանից, փաստորեն, Հայաստանն ամբողջությամբ անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Իսկ նախագահի լիազորություններն այս դեպքում խիստ սահմանափակ են լինելու. այս պաշտոնը, այսպես ասած, ներկայացուցչական է: Երդմնակալության արարողությունից հետո Արմեն Սարգսյանն ընդհանուր գծերով ներկայացրել է, թե ինչպիսին է ցանկանում տեսնել Հայաստանի ապագան: Մարզահամերգային համալիրից Արմեն Սարգսյանը, հետեւելով արդեն ձեւավորված ավանդույթին, Եռաբլուր է գնացել: Նրան ուղեկցել է պաշտպանության նախարարը:

Երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում «Ժառանգության» ղեկավարն ասել է, որ նոր ընտրակարգը կեղծիքներով է ներդրվել: Չնայած սրան՝ Րաֆֆի Հովհաննիսյանն Արմեն Սարգսյանին լեգիտիմ նախագահ է համարում: Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի համար սա ազգային միասնության, ավելին՝ սուրբ օր է:

Պաշտոնապես ստանձնելով Հայաստանի նախագահի լիազորությունները՝ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ընդունել կառավարության հրաժարականը: Մինչ Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրելը գործադիրի անդամները գործունեությունը կշարունակեն որպես ժամանակավոր պաշտոնակատարներ: Իսկ շաբաթ Կարեն Կարապետյանին ընդունել էր Սերժ Սարգսյանը: Կարապետյանը ներկայացրել է իր ղեկավարած կառավարության գործունեության արդյունքները եւ ամփոփել. իրենց առջեւ դրված բոլոր մակրոխնդիրները կատարել են:

Իսկ, ի վերջո, ո՞ւմ է առաջադրելու իշխող Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում: ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանն այսօր վերջնականապես բացել է փակագծերը. առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նշենք, որ վարչապետին նույնպես խորհրդարանն է ընտրելու՝ բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ: Ընտրությունը կկայանա ապրիլի 17-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Նշանակվելուց հետո վարչապետը 15-օրյա ժամկետում նոր կառավարություն կձեւավորվի: Նոր օրենսդրական կարգավորումների համաձայն՝ գործադիրը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից եւ 17 նախարարից. նոր կառավարությունում Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն չենք ունենա։ Կառավարության անդամներն էլ կերդվեն նախագահի ներկայությամբ՝ նրա նստավայրում:

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ Քայլը» արշավի մասնակիցների թիվն ավելանում է: Նախաձեռնությանը միացել են «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ապրիլի 8-ին էլ Փաշինյանին ու նրա կողմնակիցներին ավտոերթով միացել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները: Ի դեպ, նրանք կարճ ժամանակով Ծովագյուղի մոտակայքում փակել են Երեւան-Սեւան մայրուղին, ինչը դժգոհություն է առաջացրել: Կոնֆլիկտը, սակայն, արագորեն հարթվել է:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման եւ ՀՀԿ-ի դեմ մարտի 31-ին Գյուրիից մեկնարկած քայլերթի վերջնակետը Ազատության հրապարակն է: Քայլարշավի մասնակիցները ծրագրում են Երեւան հասնել ապրիլի 13-ին եւ 18:30-ից հանրահավաք սկսել: Նույն օրը Ազատության հրապարակում հավաք է ծրագրել նաեւ «Երկիր ծիրանին»: Կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, սակայն, մերժում է բոլոր ուժերի հետ միավորումը, այդ պատճառով Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին «Երկիր ծիրանին» չի միանա: Իսկ թե ինչպես են այս երկու ուժերը նույն օրը նույն ժամին Ազատության հրապարակում ակցիա անցկացնելու, դեռ հայտնի չէ: Զարուհի Փոստանջյանը, ամեն դեպքում, վստահեցնում է, որ իրար չեն խանգարելու:

Այսօր ժամը 14:20-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծում զինծառայող է զոհվել: 19-ամյա Նարեկ Հարությունյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից: Դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է կատարվում: Որոշ տեղեկություններով՝ Նարեկ Հարությունյանը Կոտայքի մարզի Զովունի գյուղից էր:

Ադրբեջանը հերթական սադրանքին է դիմել, այս անգամ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Ապրիլի 8-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի արոտավայրերի ուղղությամբ: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ գնդակոծությունը տեւել է շուրջ 5 րոպե: Մարդկային կորուստ, բարեբախտաբար, չունենք: Ապրիլի 7-ին եւ լույս 8-ի գիշերն էլ ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը խախտել էր սահմանի Նախիջեւանի հատվածում՝ հայկական զինված ուժերի ուղղությամբ կրակ արձակելով հիմնականում հրաձգային զենքերից: Հայկական կողմը պատասխան գործողություններով լռեցրել է հակառակորդին:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հիմա էլ մեղադրում են քիմիական հարձակման համար: Ապրիլի 7-ի առավոտյան Սիրիայի կառավարական զորքերը վերսկսել են հարձակումն Արեւելյան Գուտայում՝ սիրիական ընդդիմության վերջին հենակետ Դումա քաղաքում: Նույն օրը լուրեր հրապարակվեցին, որ կառավարական զորքերը խաղաղ բնակչության դեմ թունաքիմիկատներով ռումբ են կիրառել: Արեւմտյան տարբեր աղբյուրների համաձայն՝ միջադեպի հետեւանքով 35-70 մարդ է զոհվել: Սիրիայի ԱԳՆ-ն, սակայն, հերքել է քիմիական հարձակման մասին մեղադրանքները: Ավելին, գերատեսչությունից հայտնել են, որ Դամասկոսն ինքն է տեղեկացրել ահաբեկիչների կողմից քիմիական նյութի կիրառման մասին:

ԱՄՆ պետքարտուղարությունն իր հերթին շտապել է կատարվածում մեղադրել Ռուսաստանին, իսկ Մոսկվան հերքում է այս մեղադրանքը: Եվրամիությունը նույնպես Դումայում քիմիական զենքի կիրառման համար մեղադրել է Սիրիայի կառավարությանն ու նրա դաշնակիցներին:

Իսկ այսօր Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-15 կործանիչներ ավիահարված են հասցրել սիրիական Թիֆոր օդանավակայանի ուղղությամբ։ Սիրիական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները 5 կառավարվող հրթիռ են ոչնչացրել: Մոսկվայում նաեւ կարծում են, որ հարձակումը կարող էր իրականացվել ԱՄՆ-ի խնդրանքով: Պենտագոնում հերքել են հարձակման հետ Վաշինգտոնի կապը:

Մտահոգիչ տվյալներ Ազգային վիճակագրական ծառայությունից. ճանապարհա-տրանսպորտային պատահարների թիվը հանրապետությունում կտրուկ աճել է: Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում 184 պատահար է գրանցվել, որոնցից 43-ը՝ մահվան ելքով: 2017 թվականի առաջին 2 ամիսներին, ի դեպ, պատահարների թիվը կազմել է 84, որոնցից մահվան ելքով՝ 19-ը:

Ապրիլի 9-ին դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին՝ էժանացել: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 589, ռուբլունը՝ 8 դրամ 09 լումա, ֆունտինը՝ 677 դրամ:

Ապրիլի 10-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ը՝ կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ