Ապրիլի 10-ին Մոսկվայի բորսայում արտարժույթով գործարքները սկսվեցին ռուբլու փոխարժեքի կտրուկ անկմամբ: Բացվելուց ավելի քիչ քան մեկ ժամ անց եվրոյի արժեքը աճել է ավելի քան 3 ռուբլով եւ առաջին անգամ 2016 թվականի ապրիլի 6-ից ի վեր բարձրացել է 78 ռուբլու նիշից: Գագաթնակետին միասնական եվրոպական արժույթի փոխարժեքը հասել է 78.20665 ռուբլու, ինչը մոտ 3.5 ռուբլով բարձր է ապրիլի 9-ին գործարքների փակման աստիճանից, հաղորդում է ՌԲԿ-ն:

Դոլարի արժեքը աճել է ավելի քան 2.5 ռուբլով՝ առաջին անգամ 2016 թվականի դեկտեմբերից հետո 63 ռուբլուց բարձրանալով: Առավելագույն աստիճանում դոլարի փոխարժեքը հասել է 63.2525 ռուբլու, ինչը 2.6 ռուբլիով ավել է նախորդ գործարքների փակման մակարդակից:

Ռուբլու հանդեպ հիմնական արժույթների փոխարժեքների արագ աճը սկսվեց երկուշաբթի՝ ապրիլի 9-ին, ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից մի շարք ռուսաստանյան ընկերությունների եւ խոշոր գործարարների դեմ պատժամիջոցների ներմուծման ֆոնին: Ապրիլի 9-ի եվրոն առաջին անգամ 2016 թվականից հետո բարձրացավ սկզբում 74 ռուբլուց վեր, իսկ հետո  75 ռուբլուց վեր: 2018-ի սկզբից ի վեր առաջին անգամ դոլարի փոխարժեքն այդ օրը հասավ  59 եւ 60 ռուբլու:

Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան երկուշաբթի ֆոնդային շուկայի անկումից հետո ԿԲ-ի միջամտության անհրաժեշտություն չի տեսել: Բորսայում իրադարձությունները կանխատեսելի էին, հետեւում է Նաբիուլինայի խոսքերից:

«Կենտրոնական բանկն ունի գործիքների լայն տեսականի, որոնք նա կարող է կիրառել ֆինանսական համակարգի կայունացման համար, սակայն այժմ  համապատասխան վտանգներ չկան», - ասել է նախագահը: