ՌԴ-ի ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ մոտ 16 միլիարդ դոլար են կորցրել Ռուսաստանի որոշ քաղաքացիների, պաշտոնատար անձանց եւ ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումից հետո: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Bloomberg Billionaires Index ցանկում ներառված 27 անդամներից 26-ը կորուստներ են կրել: «Նորնիկել»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոտանինի կարողությունը նվազել է 2.25 մլրդ դոլարով, «Լուկոյլի» ղեկավար Վագիթ Ալեքպերովը կորցրել է 1,37 միլիարդ դոլար, իսկ «Ռենովայի» սեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը` 1,28 միլիարդ դոլար:

«En +»-ի եւ «Ռուսալայի» սեփականատեր Օլեգ Դերիպասկան կորցրել է 905 մլն դոլար:

Վաշինգթոնը ապրիլի 6-ին պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի Դաշնությունից 38 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ: Երկուշաբթիից Մոսկվայի բորսայի ինդեքսը 2014 թվականի մարտից ամենամեծ վնասները կրեց: Ապրիլի 10-ի դրությամբ դոլարի փոխարժեքը գերազանցել է 63 ռուբլին, իսկ եվրոն  բարձրացել է մինչեւ 78 ռուբլի:

«Ռուսալան» նաեւ զգուշացրել է, որ նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել տեխնիկական դեֆոլտների: