News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF-ի/ ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծ։ Նկարահանված ընձառյուծը երիտասարդ արու է, որը նախկինում չի արձանագրվել որեւէ ֆոտոթակարդի կողմից։ Այս մասին հաղորդում են բնապահպանության նախարարությունից:

Անդրադառնալով արձանագրված փաստին՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է. «Բնապահպանության նախարարությունը կարևորում է Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների զարգացումն ու հզորացումը և՛ բնության պահպանության, և՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։ Տեղադրված ֆոտոթակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, և բարեբախտաբար հրդեհի հետևանքները կործանարար չեն եղել մեր կենդանական աշխարհի համար։ Եվ եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ  նա ունի բավարար քանակությամբ որս։ Սա իսկական ձեռքբերում է, ինչը հնարավոր է եղել ՀՀ բնապահպանության նախարարության, «Խոսրովի անտառ»  պետական արգելոցի, մեր գործընկերներ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համատեղ ջանքերի շնորհիվ»։  

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչ Հովակիմյանը նշել է, որ առաջին դեպքն է, երբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ընձառյուծ է նկարահանվում, եւ կան ինչպես լուսանկարներ, այնպես էլ տեսանյութեր: «Սա հերթական անգամ ապացուցում է այն փաստը, որ արգելոցը մեր երկրի վտանգված կենդանատեսակների համար չափազանց կարևոր ապրելավայր է։ Տրամադրված նյութերն ապացույց են այն բանի, որ ընձառյուծն արդեն 4 ամսից ի վեր բնակվում է արգելոցում։ Ընձառյուծի նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում, քանի որ այսուհետ մենք պետք է լինենք շատ ավելի ուշադիր և ավելի հզորացնենք արգելոցի պահպանության համակարգը։ Ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունն այդ գործընթացում»,- նշել է նա:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն ասել է. «Երբ 2002թ.-ին սկսեցինք աշխատել Հայաստանում, երկրում չէր մնացել ոչ մի ընձառյուծ։ Ձեռնարկված առաջին քայլերից էր ընձառյուծի ապրելավայրերի վերականգնումը՝ որպես  պահպանության պարտադիր միջոց: Մի քանի տարի անց արդեն գրանցեցինք առաջին հաջողությունն՝ ստանալով ֆոտոթակարդների կողմից արված ընձառյուծի նկարներ։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում պարբերաբար հայտնաբերում էինք ընձառյուծի հետքեր, սակայն երբևէ չենք կարողացել նրան նկարահանել։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ կովկասյան ընձառյուծը վերադառնում է արգելոց: Սա հիանալի նորություն է, ինչը փաստում է, որ արգելոցում վիճակը կայուն է և առկա է պահպանության բարձր մակարդակ»։   

2002 թ․-ից սկսած ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF Armenia) իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիրը Հայաստանում։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի (Panthera pardus ciscaucasica), ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը: Հայաստանում ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի և Շվեյցարիայի WWF գրասենյակների կողմից։ Կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով:  Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ