Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, որը սրվել է Դումայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին հաղորդումներից հետո, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը ընդգծել է մանրազնին եւ օբյեկտիվ հետաքննության անցկացման անհրաժեշտությունը, մինչեւ որի ավարտը նպատակահարմար կլինի խուսափել որեւէ մեկի հասցեին հնչեցվող մեղադրանքներից:
Կարեւորը՝ հարկավոր է զերծ մնալ չկշռադատված եւ վտանգավոր գործողություններից, որոնք ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտում կարող են դառնալ եւ հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության կոնկրետ հնարավորությունները՝ Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությանն օժանդակություն ցուցաբերելու համար:
Երկու երկրների առաջնորդները պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են սերտ կապեր պահպանել՝ ներկա իրավիճակի կայունացման համար: