Ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով դատական նիստին այսօր՝ ապրիլի 13-ին, հետազոտվեցին «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման սկավառակը:

Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին եւ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանը՝ Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայրում այսօր հրապարակված տեսանյութի համաձայն, Բաբկեն Գասպարյանը գնացել է փաստաբան Գայանե Գալոյանի գրասենյակ եւ հետաքրքրվել, թե ինչու իրենց ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել: Գայանե Գալոյանը, ըստ տեսանյութի, Բաբկեն Գասպարյանին է մեղադրել:

«100 անգամ ասի՝ սուս մնացեք, դատախազությունը լավ տրամադրված ա, բայց էն օրն եկել ասում ա՝ Գայանե, ի՞նչ արիք: Ինձ դատարանում, քննչականում ասում են՝ Գայանե, դու իրենց պաշտպանն ես, բայց այլ մարդ ա եկել, միջնորդում ա, որ 3 տարի տան... Ինձ չեն խաբել, ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը»,- ասել է փաստաբանը:

Խոսակցության ընթացքում մի քանի անգամ Բաբկեն Գասպարյանն առաջարկել է գնալ եւ զրուցել քննիչ Միքայել Զադոյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու այդպես ստացվեց:

«Գնա Զադոյանին հարցրու, թե ով ա իրեն ասել»,- նշել է Գալոյանը, ինչին Գասպարյանն արձագանքել է. «Մենք մերն արել ենք, դու քոնն արել ես, արի գնանք Զադոյանի մոտ, Գայ ջան»:

Դրանից հետո Գայանե Գալոյանը հեռացել է սենյակից, ապա վերադառնալով նշել. «Ասաց՝ անհատական չեմ կարա ընդունեմ, ղարաբաղցի են, վտանգավոր ա, նիստից առաջ թող զանգեն նախապես, գնամ էնտեղ, իբր պատահական հանդիպենք, զրուցենք, բայց անհատական չեմ կարա... Ես քո անունը չեմ տվել, ասի՝ ըտենց բան կա, ինքն էլ ասաց՝ անհատական չեմ կարա, ղարաբաղցի են, վտանգավոր ա»:

Գայանե Գալոյանի մոտից դուրս գալով՝ Բաբկեն Գասպարյանը գնացել է Էրեբունու քննչական բաժին, հասել մինչեւ Միքայել Զադոյանի աշխատասենյակ, սակայն, չի մտել եւ շենքից դուրս է եկել: Այսքանով այս սկավառակն ավարտվում է:

Հաջորդ օրը՝ 19,07,2017թ.-ին, Բաբկեն Գասպարյանը նույնպես գնացել է Գայանե Գալոյանի աշխատասենյակ: Այստեղ նա ուղիղ հարց է տվել 3000 դոլարի մասին:

«Տվիք, որ 2-րդ տղուդ չնստացնեն... Բաբկեն, ես չեմ դիմել դատախազին, դու ես դիմել դատախազին: Եկան, ինձ ասին՝ դու ասում ես՝ օգտակար եղի, բայց ոնց օգտակար լինենք, եթե քո կողմը գնացել, վերադասին ա դիմել, թե 3 տարի տուր»,- պատասխանել է Գալոյանը, ապա հորդորել հեռանալ՝ նշելով, որ այլեւս չի դիմանում:

Այնուհետեւ Բաբկեն Գասպարյանը մի քանի անգամ գնացել է Էրեբունու քննչական բաժին, հասել մինչեւ Միքայել Զադոյանի աշխատասենյակ, սակայն, առանց մտնելու դուրս եկել շենքից: Աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ դատական նիստն այսօր հետաձգվեց:

Հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 23-ին, կշարունակվի այս սկավառակի հետազոտումը, այնուհետեւ կողմերը կուսումնասիրեն արդեն գործում առկա գրավոր փաստաթղթերը: