News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ազատության հրապարակից մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե գրավելու են Ֆրանսիայի հրապարակը։

Երթը սկսելուց րոպեներ անց ոստիկանությունը կանգնեցրեց, իսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը սկսեց բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Օսիպյանը հայտնել է, թե փողոցների փակումը հակաօրինական եւ կարող է հետեւանքներ առաջացնել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ լավ տիրապետում է «Հավաքների մասին» օրենքի կետերին։

Ի վերջո, ցուցարարները կաթվածահար արեցին Մաշտոցի պողոտայի երթեւեկությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը երթի մասնակիցներին հորդորել է շրջափակել Ֆրանսիայի հրապարակը։

Նշենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. ««Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունը վերջին մի քանի ժամերին Երեւանի փողոցներում իրականացնում է հավաք երթի ձեւով: Հավաքի կազմակերպիչ է հանդիսանում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

ՀՀ ոստիկանությունը հանրային վայրերում հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունն ուժեղացնող միջոցառումներ մինչ այս պահը չի իրականացրել, քանի որ հավաքի կազմակերպիչը ընդհանուր առմամբ կատարում է «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված իր պարտականությունները, իսկ հավաքը կրում է խաղաղ, սահմանադրական բնույթ: Չնայած ասվածին, երթ իրականացնելու օրենքով սահմանված պայմաններն ամբողջությամբ չեն պահպանվում, իսկ առանձին դեպքերում երթի բնականոնությունն ապահովելու իրավական պահանջը խախտվում է: 

ՀՀ ոստիկանությունը երթի կազմակերպչին եւ մասնակիցներին հորդորում է այսուհետ եւս պահպանել հավաքի խաղաղ բնույթը, հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելու գործելակերպից: 

Հիշեցնում ենք, որ երթի վերաբերյալ լիազոր մարմնին իրազեկում ներկայացնելը ինքնանպատակ չէ. այն ոստիկանությանը նախապես հնարավորություն է տալիս կազմակերպչական միջոցառումներ ձեռնարկել խաղաղ հավաքին լիարժեք աջակցություն ցույց տալու ուղղությամբ եւ ապահովել հավաքի կազմակերպչի արդյունավետ համագործակցությունը ոստիկանության ներկայացուցիչների հետ :

 

Տպել
Ամենաշատ