Առնվազն երեք խաղաղ բնակիչ է տուժել ԱՄՆ-ի եւ դաշնակիցների կողմից Հոմս քաղաքից ոչ հեռու բանակի ռազմական պահեստի ուղղությամբ հասցված հրթիռային հարվածի հետեւանքով, հայտնում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով սեփական թղթակցին։
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ սնվտանգության մարմինները հայտնել են բեկորային վնասվածք ստացած 6 խաղաղ բնակչի մասին․ «Երեք երկրների հարվածները իրականացվել են Հոմս նահանգի արեւմուտքում Շին նահանգից ոչ հեռու գտնվող զինամթերքների պահեստի ուղղությամբ»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։
Սրա հետ մեկտեղ SANA-ի զրուցակիցը նշել է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հարձակման ժամանակ օբյեկտների խոցման հաղորդագրությունները չափազանցված են։ SANA-ի զրուցակիցը հայտնել է, որ հրթիռները չեն հասել իրենց նպատակին՝ շնորհիվ Սիրիայի հակահրթիռային պաշտպանության։
Reuters-ի եւ Sky News-ի աղբյուրները հաղորդում են, որ պաշտոնական Դամասկոսը հասցրել է օբյեկտից տարհանել տեխնիկան եւ մարդկանց, այս օբյեկտների ուղղությամբ դեռ այս հարվածից մի քանի օր առաջ արեւմտյան կոալիցիան հարվածներ էր հասցրել։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սիրիական բանակին նախազգուշացրել է Ռուսաստանը։
SANA գործակալության տվյալներով՝ Դամասկոսի Բարզեի հետազոտական կենտրոնի եւ Հոմսի բանակային պահեստների ուղղությամբ արեւմտյան կոալիցիայի հարվածների ժամանակ Սիրիայի հակահրթիռային պաշտպանությունը մի քանի հրթիռ է վերացրել։
Բարզեի հետազոտական կենտրոնին պատճառվել է նյութական վնաս՝ վնասվել է շենքը, որում գտնվում էին գիտական լաբորատորիաներ եւ ուսումնական կենտրոնը։
Գործակալության տվյալներով՝ Հոմսի պահեստային համալիրի ուղղությամբ հարձակման ժամանակ մի քանի հրթիռ է խոցվել։
Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ շտաբների ղեկավարների կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզոֆ Դանֆորդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան Վաշինգթոնի ժամանակով 21։00-ին (Երեւանի ժամանակով 05.00) սկսել են հարվածներ հասցնել Սիրիայի ուղղությամբ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարվածներն իրականացվել են Մոսկվայի ժամանակով 03։42-ից մինչեւ 05։10-ը։ Նրանց թիրախներն են դարձել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հրթիռները բաց են թողնվել ամերիկյան ինքնաթիռներից եւ նավերից, հարված են հասցրել նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը։
Ընդհանուր առմամբ, ռուս զինվորականների տվյալներով՝ արձակվել է ավելի քան 100 հրթիռ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հեռուստատեսային ուղերձում հայտարարել էր, որ սկսվել է Սիրիայում «կետային հարվածներ» իրականացվել՝ ի պատասխան Սիրիայի Դումա քաղաքում անցած շաբաթ ենթադրաբար քիմիական հարձակման։ Այդ գործողություններին մասնակցում են նաեւ Բրիտանիան եւ Ֆրանսիան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ դաշնակիցների արձակած հրթիռներից ոչ մեկը չի մտել ռուսական հակահրթիռային պաշտպանության գոտի Տարտուսում եւ Հմեյմիմում։
Պենտագոնում հաստատում են, որ ԱՄՆ-ի կոալիցիան երեք թիրախ է ունեցել՝ Դամասկոսի հետազոտական կենտրոնը, Հոմսի քիմիական զենքի պահեստ եւ երրորդ թիրախը գտնվում է երկրորդի կողքին։











