«Les réverbères de la mémoire» («Հիշողության լապտերները») հուշարձանի հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Մելիք Օհանյանն է։
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրը ներկա է գտնվել բացման արարողությանը։
Հուշարձանի տեղադրումը վերջին տասնամյակում բանավեճերի թեմա էր դարձել Ժնեւում։
Ավելի վաղ փաստաբան, Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Իվ Նիդեգգերը պահանջել էր չեղարկել քաղաքի իշխանությունների որոշումը։ Նրա խոսքով՝ Տրեմբլե այգին կանաչ գոտի է, ու այնտեղ չի կարելի որեւէ բան կառուցել ՝ բացի այգու ընդհանուր բարեկարգմանը ու քաղաքացիների հարմարությանը վերաբերող կառույցներից։
Նախագծի համակարգող Ստեֆան Քրիսթենսենն իր հերթին նշում է, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են հանդես գալիս, այդպես են վարվում քաղաքական դրդապատճառներից ելնելով։
Նշում են, որ 2014-ին նախագիծը պետք է իրականացվեր Արիանա այգում, բայց չեղարկվել է «միջազգային ասպարեզում Ժնեւի չեզոքության խախտման» պատրվակով, չնայած իրականում այդ որոշումը կայացվել է Թուրքիայի իշխանությունների ճնշման ներքո։