News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀԿ Խորհուրդը վերջնական որոշում կայացրեց. վարչապետի թեկնածու են առաջադրելու Սերժ Սարգսյանին: Նրա թեկնածությունն առաջադրել է կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը, Խորհուրդն էլ քննարկել ու միաձայն կողմ է արտահայտվել: Արդեն երկուշաբթի՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի վարչապետի իր թեկնածուին, իսկ ընտրությունը կկայանա ապրիլի 17-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում:

Ի դեպ՝ ՀՀԿ Գործադիր մարմնի եւ Խորհրդի նիստն այսօր արտագնա է եղել. հանրապետականները հավաքվել են Ծաղկաձորում: Երեկվանից հանրահավաք անցկացնող Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ պատրաստվում են ավտոերթով Ծաղկաձոր հասնել՝ խափանելու ՀՀԿ-ի նիստը, բայց չեն հասցրել. այն ավելի վաղ է անցկացվել: Հանրապետական Գագիկ Մինասյանը վստահեցնում է, որ Խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը վաղուց է կայացվել եւ Փաշինյանի հայտարարության հետ ոչ մի կապ չունի:

Երեկ Ազատության հրապարակում մեկնարկած ցույցը վերածվել Ֆրանսիայի հրապարակում նստացույցի: Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ակցիայի մասնակիցների մի մասը հրապարակում է անցկացրել: Գիշերը, ընդհանուր առմամբ, հանգիստ է անցել՝ բացառությամբ սադրանքի մեկ դեպքի:

Իսկ այսօր ակցիան նոր զարգացումներ է ունեցել: Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից երթ են ձեռնարկել քաղաքի կենտրոնական փողոցներով՝ հասնելով Հանրային ռադիոյի շենք: Նրանք ձեռքերը պարզած մտել են շենք, վեր բարձրացել, իսկ հետո կոտրել դռներից մեկը: Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր էր պահանջում՝ ժողովրդին կոչով դիմելու համար: Ռադիոյի ղեկավարությունը, սակայն, մերժել է, փոխարենն առաջարկել ավելի ուշ ուղիղ եթերում հաղորդավարի հետ միասին հաղորդման մասնակցել: Այս առաջարկն էլ Փաշինյանն է մերժել: Ի վերջո, նա ժողովրդին ուղերձով դիմել է նրա հետ ռադիոյի շենք մտած մյուս լրատվամիջոցների ուղիղ եթերում:

Ի դեպ՝ այդ ընթացքում ռադիոյի շենքը հոսանքազրկվել է: ՀԷՑ-ը պարզաբանել է, որ ընդամենը վթարային անջատում էր: Կարճ ժամանակով նաեւ դադարեցվել է Հանրային ռադիոյի հեռարձակումը, իսկ ցուցարարների հեռանալուց հետո՝ վերականգնվել:

Ցուցարարները ռադիոյի շենքից շարունակել են երթը՝ ճանապարհին քաղաքացիներին կոչ անելով երեկոյան միանալ Ֆրանսիայի հրապարակում անցկացվելիք հանրահավաքին: Մինչ այդ էլ Փաշինյանն ընդդիմադիր ուժերին էր հորդորել միանալ իրենց: Կոչն անարձագանք չի մնացել: Հավելենք, որ գլխավոր դատախազությունն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա աջակիցների կողմից նախօրեին ԵՊՀ-ի, իսկ այսօր՝ Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու փաստին: Դատախազությունը ոստիկանություն է դիմել՝ այս փաստերով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով:

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Սիրիան, ի վերջո, հրթիռակոծվեց: Ապրիլի 14-ի առավոտյան ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիայի ուղղությամբ ավելի քան 100 հրթիռ են արձակել: Ռուսական աղբյուրների տվյալներով՝ Սիրիական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին հաջողվել է խոցել կոալիցիայի հրթիռների զգալի մասը: Հարվածների թիրախում եղել են Դամասկոսում եւ Հոմսում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հրթիռներն արձակվել են ամերիկյան ինքնաթիռներից եւ նավերից, հարված են հասցրել նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը, իսկ հրթիռակոծությունը շուրջ 50 րոպե է տեւել: Տարբեր աղբյուրներ հաղորդում են մինչեւ 6 խաղաղ բնակչի տուժելու մասին:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն այս գործողությունը «միանգամյա» են անվանել. առաջիկայում նոր հարվածներ ամերիկացիները չեն նախատեսում։ Պենտագոնում, միաժամանակ, նշել են, որ իրենց հետագա քայլերը կախված կլինեն Սիրիայի նախագահի գործողություններից: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս հարձակումը պատասխանն է այն բանի, որ Ռուսաստանը Բաշար Ասադին հետ չի պահել Դումայում քաղաքացիական բնակչության դեմ քիմիական զենքի կիրառումից: Իսկ Մոսկվան հիշեցրել է, որ նման գործողություններն անհետեւանք չի թողնի:

Ռուսաստանում դժբախտ պատահարի հետեւանքով 5 հայ է զոհվել. 4-ը Հայաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Ռուսաստանի: Ուֆա քաղաքում դիտահորում աշխատանքներ կատարելիս մահացել են 35-ամյա Կամո Պետրոսյանը, 56-ամյա Մերուժան Աֆանիկովը, 37-ամյա Սուրիկ Աֆանիկովը, 56-ամյա Ռոբերտ Հակոբյանը եւ 29-ամյա Ռաֆիկ Գրիգորյանը: Եվս մեկը՝ 45-ամյա Ռուստամ Մելքոնյանը, հիվանդանոց է տեղափոխվել:

Մահացածներից երկուսն ազգականներ են՝ փեսա ու աներ, Ուֆա էին մեկնել արտագնա աշխատանքի: Նախնական տվյալներով՝ տղամարդիկ թունավորվել են շմոլ գազից: Ըստ տեղեկությունների՝ ռեստորանի աշխատակիցներից մեկը, որի դիտահորում տեղի է ունեցել դժբախտ պատահարը, իջել է ջրհոր՝ ջուրը միացնելու, բայց կորցրել է գիտակցությունը: Նրան օգնության շտապած մյուս աշխատակիցները նույնպես ուշագնաց են եղել: Տեղական լրատվամիջոցները գրում են, որ բոլորն առանց դիմակների եւ համապատասխան հանդերձանքի են եղել:

Գյումրիում բնակելի շենքի 4-րդ հարկից 2.5 տարեկան երեխա է ընկել: Փոքրիկը գիշերը մահացել է. մասնագետների տեղեկացմամբ՝ նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էր ստացել: Տղայի մոտ պոլիտրավմա էր ախտորոշվել, վնասվել էր գլխուղեղը, աջ թոքը, երիկամները: Դժբախտ պատահարից հետո երեխային Գյումրիից Երեւան էին տեղափոխել:

Կյանքից հեռացել է «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր, ազգությամբ չեխ ամերիկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը: Հայտնի ռեժիսորը 86 տարեկան էր: Ֆորմանի սիրված ժապավեններից են «Ամադեուս», «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» եւ «Վալմոն» ֆիլմերը: Իսկ ամենահայտնի՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի բոլոր հինգ գլխավոր պարգեւները՝ լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, լավագույն ռեժիսոր եւ դերասանական խաղի համար:

Ապրիլի 15-ին հանրապետության տարածքում թաց ձյան տեսքով տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի, այնուհետեւ նույնքան կբարձրանա: Երեւանում վաղը գիշերը տեղումներ են սպասվում, ցերեկը՝ առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ