ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին գործել ՄԱԿ-ի Կանոնադրությանը եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան` հատկապես խաղաղության եւ անվտանգության ապահովման հարցերում: Այս մասին ասվում է Սիրիայի հրթիռային հարվածի կապակցությամբ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:
Գուտերեշը հիշեցրել է, որ Անվտանգության խորհուրդը պատասխանատու է միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման համար: Նա կոչ է արել Անվտանգության խորհրդին միավորել եւ կատարել իր պարտականությունները: Նա նաեւ կոչ է արել բոլոր անդամ պետություններին այս վտանգավոր ժամանակներում զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել որեւէ գործողությունից, որը կարող է հանգեցնել լարվածության էսկալացիային եւ խորացնել սիրիական ժողովրդի տառապանքները:
Նրա խոսքով՝ քիմիական զենքի կիրառումը, որը մարդկանց անասելի տառապանքներ է պատճառում, անընդունելի է: Նա հիշեցրել է, որ բազմիցս արտահայտել է իր խորը հիասթափությունը, որ Անվտանգության խորհուրդը չի կարողանում համաձայնության գալ այն մեխանիզմի ստեղծման շուրջ, որը թույլ կտա պատժել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մեղավորներին: