Երեւանի կենտրոնում, որտեղ ցուցարարները վաղ առավոտից փակել են փողոցները, քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հերացի-Կորյուն խաչմերուկում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է վրաերթի ենթարկել ցուցարարներին: Մեքենայից իջած տղամարդիկ նախ պահանջել են բացել ճանապարհը, ապա հայհոյել են, հարձակվել ցուցարարների վրա, ծեծել նրանց, իսկ վարորդն էլ մեքենայով փորձել է վրաերթի ենթարկել ցուցարարներին: Ոստիկանության աշխատակիցները չեն միջամտել:
Նշենք, որ վարորդները պարբերաբար վեճի են բռնվում ցուցարարների հետ, ինչին ոստիկանները որեւէ կերպ չեն միջամտում:
Հիշեցնենք, որ ցուցարարները փակել են Աբովյան, Մոսկովյան, Սարյան փողոցները, Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաները: Մայրաքաղաքում երթեւեկությունը կաթվածահար է եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին:
- Ինչպիսի՞ իրավիճակ է Երեւանի կենտրոնում. ցուցարարներին է միացել նաեւ «Կարգին Հայկոն» (ուղիղ, Ֆոտո)
- Մետրոպոլիտենի գնացքները «Բաղրամյան» կայարանում կանգառներ չեն կատարի
- Եթե ԱԺ նիստը լինի արտագնա. Երեւանը կվերցնենք մեր հսկողության տակ. Փաշինյան (ուղիղ, Ֆոտո)
- Փակ են Աբովյան, Մոսկովյան, Սարյան փողոցները, Մաշտոց ու Բաղրամյան պողոտաները. Փաշինյան (Ֆոտո)
- Փաշինյանն ու իր կողմնակիցները փակել են Բաղրամյան պողոտան. ոստիկանները շղթա կազմեցին (Ֆոտո)
- Ոստիկանությունը հորդորել է Փաշինյանին եւ նրա կողմնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից
- Ցուցարարները փորձեցին փակել մետրոյի «Երիտասարդական» կայարանը, սակայն չհաջողվեց













