Հայաստանի իշխող կոալիցիան այսօր՝ ապրիլի 16-ին նիստ է անելու եւ Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու է վարչապետի պաշտոնում։ Այդ մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նրա խոսքով, այսօր Սերժ Սարգսյանը համապատասխան փաստաթղթերը կներկայացնի Ազգային ժողով, իսկ վաղը ժամը 12-ին կայանալու է հատուկ նիստը։
Խոսելով ՀՀԿ խորհրդի նիստը Ծաղաձորում անցկացնելու մասին՝ Բաղդասարյանը նշել է, թե սա առաջին դեպքը չէ, երբ նիստերն արտագնա են անում։ «Մեր դահլիճը 180 տեղ է, իսկ խորհրդի անդամները 250-ից ավելին են։ նականաբար այդպես էլ եղավ, շուրջ 240 անդամներ մասնակցում էին, եւ ընտրեցինք այնպիսի դահլիճ, որ մենք այլ տեղ ընտրեցինք։ Տարին մեկ կամ մի քանի անգամ մենք արտագնա նիստ ենք անում»,- ասել է Բաղդասարյանը եւ հավելել. «Նույն հաջողությամբ ընդդիմությունը կարող էր շրջափակել Ծաղկաձորի դահլիճը։ Մենք գաղտնիթ չենք պահել, ժամը նույնիսկ ֆիքսել ենք»։
Հարցին, թե ինչ փոփոխություններ կլինեն նոր կառավարությունում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Երբ Կընտրվի կառավարության ղեկավարը, նոր այդ քննարկումները կլինեն»։
Դիտարկմանը, թե ընդդիմության երթի մասնակիցները մտադիր են շրջափակել Ազգային ժողովը, Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց իր մարտավարությունը։ «Ինչպես բոլոր օրերին, մենք պետք է գանք ԱԺ։ Դա մեր խնդիրը չէ, պատկան մարմինների գործն է՝ ապահովել մեր մուտքը աշխատանքի վայր։ Եթե մենք տեղի տանք իրենց նպատակներին... նրանք ուզում են իշխանության գալ ոչ սահմանադրական ճանապարհով»- ասել է նա, իսկ հարցին, թե ինչ կանի, եթե թույլ չտան իր մուտքը ԱԺ, պատասխանել է. «Կժպտամ, կբացատրեմ եւ մուտք կգործեմ։ Իրենք են կոչ անում, որ բռնություն չլինի։ Յուրաքանչյուր մարդ ազատ տեղաշարժվելու իրավունք ունի»։




























