Ես հույս ունեմ, որ բեկում է տեղի ունեցել, եւ մենք Սերժ Սարգսյանին թույլ չենք տա, որ վարչապետ լինի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ քաղպորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ցանկալի կրիտիկական զանգվածն առկա՞ է, որը թույլ կտա հաջողություն արձանագրել, նա արձագանքեց. «Այսօր տասնյակ հազարավոր քաղաքացիներ հրապարակում էին: Մենք հուսահատության պատը ճեղքել ենք»:
Անդրրադառնալով իր վնասվածք ստանալուն, Փաշինյանը պատմեց. «Ես փշալարերի վրայով անցնում էի եւ երբ անցա, ստացվեց, որ կտրվեցի մեր ցուցարարներից: Այդ ժամանակ երբ փորձում էին ինձ քաշել, ես բռնեցի փշալարերից եւ վնասվածքներ ստացա, հիմա կարել են: Երեք ոստիկանները եւս վիրավորվել են իրենց կողմից օգտագործած ձայնային նռնակների օգտագործումից: Ձայնային նռնակները շատ վտանգավոր են, մարտի 1-ին Համլետ Թադեւոսյանը, ըստ ամենայնի, զոհվել է հենց դրանից: Տարօրինակ է, որ դրանից հետո ոստիկանությունը շարունակում է այդպիսի միջոցներ օգտագործել»:
Փաշինյանը նկատեց, որ հենց ոստիկաններն են շտապօգնություն կանչել իր համար. «Ես բոլոր ոստիկանների նկատմամբ ունեմ եղբայրական վերաբերմունք»: Նա նշեց, որ ոստիկանությունը մահակների օգնության չի դիմել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու օպերատորներ՝ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։
- Մեր նախկին տեքստերը ուժի մեջ են. «Ելք» խմբակցության պատգամավորները սուրճ են խմել
- Ձեռնարկել գործուն միջոցներ սթափեցնելու համար Հայաստանի իշխանություններին. ՔՊ-ի կոչը՝ միջազգային հանրությանը
- Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա. Նրան այստեղ դիմավորեցին Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը (ուղիղ)
- Ոստիկանությունը ջրցան մեքենա է բերել Բաղրամյան պողոտա (ֆոտոռեպորտաժ)
- Լարված իրավիճակ Բաղրամյանում. Փաշինյանն անցավ փշալարը. ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց (ֆոտոռեպորտաժ, ուղիղ)
- Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ (Ֆոտո)
- «Բախմա՞ն եք տանում, ի՞նչ եք շահելու». Բաղրամյան պողոտայում ցուցարարները ճեղքեցին շղթան ու հասան փշալարերին (Ֆոտո)