Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել, որն առաջացել է առեւտրի կենտրոնի տանիքից ջրի հոսելու պատճառով, հայտնում է «Կոմերսանտը», հղում կատարելով Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Սանկտ Պետերբուրգի համալսարանի հակահրդեհային հետազոտական կենտրոնի հրդեհների փորձաքննության նախնական եզրակացությանը:
Հրատարակության աղբյուրը պատմել է, որ տանիքից ջուր է հոսել չմաքրված ձյան պատճառով: Ջուրը թափվել է առեւտրի կենտրոնի 4-րդ հարկի մանկական խաղային գոտու վերեւում անցկացված հոսանքալարերի վրա եւ կարճ միացում է առաջացրել: Ընդ որում «Զիմնյայա վիշնյա»-ում կարճ միացումներից եւ հոսանքի ծանրաբեռնվածությունից պաշտպանելու համար տեղադրված անջատիչները չգիտես ինչու չեն աշխատել:
«Կոմերսանտի» տվյալներով՝ առաջինը վառվել է լողավազանի վերեւում կախված պլաստիկից ջահը. դրանից կաթացող շիկացած պլաստիկը հրկիզել է լողավազանը: Հրշեջի մարման համակարգը վառվող հատվածը ջրով չի լցրել, քանի որ ցրտերի պատճառով խողովակում ջորը սառած է եղել: Հրդեհը բորբոքել է օդափոխության համակարգը, որը հրդեհի առաջացումից հետո չեն անջատել:
Փորձագետները նաեւ հաստատել են, որ հրդեհային տագնապի մասին ահազանգը շենքում ավտոմատ կերպով չի միացել, այլ ձեռքով. ընդ որում այդ գործի համար պատասխանատու պահակը չի ակտիվացրել այն:
«Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի էր ունեցել մարտի 25-ին: Արդյունքում մահացել էր 64 մարդ, այդ թվու 41 երեխա: