Սիրիայի վրա հարձակումը «միջազգային հարաբերություններում որպես խայտառակ հերետիկոսություն» կգնահատվի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է IRNA-ն:
Նրա խոսքով՝ Թեհրանն ու Անկարան պետք է ամրապնդեն հարաբերությունները` Սիրիայում լարվածության էսկալացիայի կանխման համար: Նա նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցումը եւ այս երկրում անվտանգության վերականգնումը Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ընդհանուր նպատակներն են:
Իր հերթին Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ խնդիրները քաղաքական միջոցներով լուծել: