News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է զոհվել. մահացու վիրավորում է ստացել 20-ամյա Ռուսլան Մանուկյանը: Մահացած զինծառայողը Ստեփանավանից էր, 2 ամիս անց զորացրվելու էր: Ստեփանավանի զինկոմիսարիատից մեր թղթակցին հայտնել են, որ կրտսեր սերժանտը երկվորյակ եղբայր ունի, նույն զորամասում էին ծառայում: Եղբայրները սոցիալապես անապահով ընտանիքից են, մոր ու տատի խնամքին էին: Զինծառայողի մահվան դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:

5 օր շարունակ Երեւանի կենտրոնում գիշերելուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ ցուցարարներին հորդորեց տուն գնալ՝ կոչ անելով առավոտյան կրկին Ֆրանսիայի հրապարակ գալ: Ավելի ուշ, սակայն, Երեւանի կենտրոնում միջադեպ գրանցվեց. Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում մի խումբ երիտասարդներ, բժշկական դիմակներով եւ ձողերով ու մետաղյա իրերով զինված, կոտրել են լուսաֆորներ, աղբարկղեր, ճանապարհային նշաններ եւ փորձել փակել ճանապարհները: Հետաքրքիր է, որ նրանք որեւէ կոչ չէին հնչեցնում, միայն բղավում էին եւ ջարդում: Արդեն առավոտյան Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ անձինք իրենց հետո որեւէ առնչություն չունեն, ցույցի մասնակիցներ չեն, այլ սադրիչներ, որոնց, նրա համոզմամբ, իշխանություններն էին ուղարկել:

Նախօրեին Երեւանում տեղի ունեցած միջադեպի փաստով գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել: Գիշերը 7 անձ բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. գործով ձերբակալված դեռեւս չկա: Տեղի ունեցած միջադեպը, ըստ Նիկոլ Փաշինյանի, իրենց գործողությունների վրա որեւէ ազդեցություն չի ունեցել: Պատգամավորի գլխավորությամբ ցուցարարներն այսօր կրկին շարունակեցին իրենց երթը մայրաքաղաքի փողոցներով: Բաղրամյան պողոտան այսօր արդեն բաց էր, եւ ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նորանշանակ վարչապետի նստավայր: Ցուցարարները շուրջ 30 րոպե շրջափակեցին շենքը եւ կոչեր հնչեցրին:

Դրանից հետո ցուցարարները երթով շարժվեցին նախ դեպի Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք, ապա՝ Երեւանի քաղաքապետարան: Այստեղ արդեն ցուցարարները շուրջ 1 ժամ նստացույց արեցին: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում: Այստեղ մեկնարկել է հանրահավաք, որին, ամենայն հավանականությամբ, կհաջորդի ավանդական երթը Երեւանի փողոցներով:

Նշենք, որ մինչ Փաշինյանը ցուցարարների հետ երթ էր անում փողոցներում, Ֆրանսիայի հրապարակում մնացած սակավաթիվ ցուցարարներին ոստիկանությունը հերթով բերման էր ենթարկում: Վերջին տվյալներով՝ այսօր բերման է ենթարկվել 84 քաղաքացի, որոնց մեծ մասն ավելի ուշ ազատ է արձակվել: Բերման ենթարկվածների թվում նաեւ անչափահասներ կային:

Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը սկսել է նոր կառավարություն ձեւավորել: Նա 5-օրյա ժամկետում պետք է նախագահին առաջարկի փոխվարչապետերի եւ նախարարների թեկնածուներին: Այսօր Արմեն Սարգսյանն արդեն մի քանի հրամանագրեր է ստորագրել: Դրանցով Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանն ու Արմեն Գեւորգյանը՝ փոխվարչապետեր: Նշանակվել են նաեւ առաջին նախարարները. պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Վիգեն Սարգսյանը, ԱԳ նախարարի պաշտոնում՝ Էդվարդ Նալբանդյանը:

Ազգային անվտանգության ծառայությունը հանցավոր խումբ է վնասազերծել: Խմբի անդամները հայաստանցիներ են, մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից առանձնապես խոշոր չափերով գումար են հափշտակել: Նրանց թիրախում Արցախի 26 բնակիչներ են եղել: ԱԱԾ-ի տվյալներով՝ խմբի անդամներն ուսումնասիրել են «odnoklassniki.ru» սոցցանցի օգտատերերի տվյալները, հետո արտերկրում բնակվող նրանց ազգականների անվամբ կեղծ էջեր ստեղծել, նամակագրություն վարել եւ համոզել, որ ուզում են ֆինանսապես օգնել նրանց: Որոշ ժամանակ անց նրանք խնդրել ու ստացել են իրենց զոհերի բանկային քարտերի տվյալները եւ հաշիվների վրա առկա գումարները փոխանցել են իրենց բանկային քարտերին, ապա կանխիկացրել: Քրեական գործով հանցավոր խմբի 5 անդամ ձերբակալվել է, նրանց հանցակիցներին որոնում են: Նշված հանցագործությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ԱԱԾ քննչական վարչություն:

Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել, թուլացել է նաեւ ռուբլին: Ապրիլի 18-ին դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 594, ռուբլունը՝ 7 դրամ 79 լումա, ֆունտինը՝ 682 դրամ:

Ապրիլի 19-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում՝ անձրեւ: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը երեկոյան ժամերին տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ