«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոր կյանք գյուղի համյանքապետ Գարիկ Սարգսյանին բերման են ենթարկել ոստիականության Վեդիի բաժին:
Այսօր առավոտյան նրա գլխավորությամբ ցուցարարները փակել էին Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Նոր կյանք գյուղի մոտ գտնվող հատվածը:
Նշենք, որ ոստիկանության Երեւանի տարբեր բաժանմունքներ բերման ենթարկվածների թիվն այս պահին 33-ն է:
Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր պետք է շրջափակեն նաեւ կառավարության եւ այլ կառավարական շենքեր: Այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստի օրն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:
Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: