News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արտագաղթը Հայաստանի «արնահոսող վերքն է», ցավալի ու վտանգավոր երեւույթ։ «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Հայաստանի բնակչությունը 4 մլն-ի հասցնելու ծրագրի շուրջ։

Նրա խոսքով, առաջիկա շաբաթների ընթացքում կսկսեն հանրային քննարկումները մինչեւ 2030 թ. Հայաստանի զարգացման ռազմավարության շուրջ։

Դիտարկմանը, թե ընդդիմադիրները խոսում են 10 տարում 300 հազար արտագաղթածների մասին, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Իհարկե, մի քիչ չափազանցված է, բայց մեր արնահոսող վերքն է արտագաղթը: Մեզ համար շատ վտանգավոր է, շատ ցավալի: Ես արդարացման համար չեմ ասում, բայց պետք է հաշվի առնենք, որ արտագաղթը բնորոշ է ո´չ միայն Հայաստանին, բնորոշ է բոլոր նախկին խորհրդային երկրներին, բնորոշ է Արեւելյան, նույնիսկ Արեւմտյան Եվրոպային»:

Ըստ Սարգսյանի, միգրացիոն պրոցեսները միշտ տեղի են ունենում: «Այո´, որոշակի հանգամանքներից ելնելով՝ մեզ մոտ հավելյալ խնդիրներ կան, բայց այդ խնդիրների մասին, կարծում եմ, ճիշտ կլինի հետո խոսենք: Այո´, դա պրոբլեմ է, բայց պրոբլեմը մենք փորձում ենք լուծել: Այո´, ես հայտարարել եմ եւ վստահ եմ, որ դա հասանելի թիվ է՝ 2040թ. 4 մլն բնակչություն ունենալը»,- նշել է նա եւ հավելել. «Մենք մոտակա մի քանի շաբաթների ընթացքում կսկսենք հանրային քննարկումները մինչեւ 2030 թ. Հայաստանի զարգացման ռազմավարության շուրջ, եւ այդտեղ եղած թվերը, ցուցանիշները բոլորին գոնե կհամոզեն, որ մենք գնում ենք դեպի այդ հիմնական ցուցանիշը»:  

Նա տեղեկացրել է, որ վարչապետի աշխատակազմում համապատասխան ստորաբաժանում է ստեղծվել, որը կզբաղվի այդ ծրագրի իրականացմամբ, եւ ծրագրի արդյունքները տեսանելի կլինեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ