Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողներն այսօր՝ ապրիլի 20-ի առավոտյան փակել են Արշակունյաց պողոտան, սակայն ոստիկաններին հաջողվեց վերականգնել փողոցի երթեւեկությունը: Երիտասարդները վանկարկում էին «Ոստիկանը մերն է»:
Ոստիկանները հանկարծ սկսեցին բռնություն գործադրելով բերման ենթարկել ցուցարար երիտասարդներին, լարվածություն առաջացավ:
Այդ ընթացքում հրշեջ մեքենաներ ժամանեցին, որոնք ավելի ուշ պարզվեց, որ «Երեւան մոլ»-ում ուսումնավարժանքի համար էին եկել:
Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 20-ին, իրենք կրկին վերադառնալու են Երեւանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային եւ դա պետք է լինի ցանցային՝ Երեւանի բոլոր թաղամասերում: Նա նշել է, որ փակելու են նաեւ մետրոյի կայարանները։ Փաշինյանը բոլորին կոչ է արել վաղը գործի չգնալ կամ միանալ իրենց։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:
Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: