Ոստիկանության տարբեր բաժիններ այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 15.30-ի դրությամբ բերման է ենթարկվել 183 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ առավոտյան ժամը 9.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 16- էր, ժամը 11.00-ի դրությամբ՝ 52, ժամը 13.00-ի դրությամբ՝ 107, իսկ ժամը 14-ին այդ թիվը հասել էր 166-ի:
Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցնում են ցանցային պայքարի եւ կաթվածահար պետք է անել երթեւեկությունը քաղաքի բոլոր փողոցներում:
Այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Ոստիկանները արագ ժամանելով տվյալ վայրեր, փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական հագուստներով բերման են ենթարկում ցուցարարներին, ընդ որում, բերման են ենթարկում ոչ ոստիկանական մեքենաներով:
Նշենք, որ առավոտից փակվել-բացվել են մասնավորապես, Գյուլբենկյան փողոցը, Կոմիտասի պողոտան, Մաշտոցի պողոտան, Դավիթաշենի կամուրջը, Եղվարդի մայրուղին, Գրիգոր Լուսավորիչ փողոցը, Ազատուիթյան պողոտան, Արշակունյաց պողոտան, Երեւան-Աբովյան ճանապարհը, Վարդանանց փողոցը, կորյուն փողոցը, Պուշկին փողոցը եւ այլն: