News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» նախաձեռնության անդամներն արդեն 8-րդ օրն է՝ Երեւանում երթեր եւ հանրահավաքներ են անցկացնում: Այսօր առավոտից նույնպես ցուցարարները շրջել են Երեւանի փողոցներով՝ աշխատող քաղաքացիներին կոչ անելով գործադուլ անել, ուսանողներին՝ դասադուլ, իսկ վարորդներին՝ ազդանշաններով միանալ իրենց: Ի տարբերություն նախորդ օրերի՝ այսօր ցուցարարներն այլ մարտավարություն էին ընտրել. շրջում էին տարբեր խմբերով, փակում մայրաքաղաքի փողոցներն ու պողոտաները: Այսպես ասած, ամենաթեժ կետերը Գյուլբենկյան փողոցը, Ազատության ու Մաշտոցի պողոտաներն էին, ինչպես նաեւ Աբովյան-Երեւան ավտոճանապարհը: Այս տարածքներում ոստիկանությունն ուժեղացված հսկողություն էր իրականացնում եւ օրվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիների է բերման ենթարկել: Վերջին տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվն անցնում է 230-ը:

Լարված վիճակ է եղել նաեւ Արշակունյաց պողոտայում: Ցուցարարները մի քանի ժամ փակ են պահել պողոտան: Ավելի ուշ ոստիկանները սկսել են ցուցարարների բերման ենթարկել նաեւ Արշակունյաց պողոտայից, բայց այս անգամ ոչ թե ոստիկանական, այլ առանց համարանիշի մեքենաներով:

Առանց որեւէ խոչընդոտի միայն Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթն է անցել: Ցուցարարները շրջել են Դավիթաշեն համայնքում, ապա Հալաբյան փողոցով շարժվել դեպի Կիեւյան կամուրջ, որն էլ բեռնատարների վարորդներն էին փակել: Հիշեցնենք, որ նախօրեին հանրահավաքի ժամանակ Փաշինյանը կոչ էր արել վարորդներին բեռնատարներով փակել ճանապարհները: Այսօր այդ կոչին միայն 3 վարորդ էր միացել՝ փակելով Կիեւյան կամուրջն ու կաթվածահար անելով երթեւեկությունը: Այստեղից ցուցարարները շարունակել են ճանապարհը դեպի Հարավ-արեւմտյան թաղամաս: Ճանապարհին քաղաքացիներից մեկը պատգամավորի համար սեղան էր գցել:

Հետո երթի մասնակիցներն Իսակովի պողոտայով վերադարձել են Հանրապետության հրապարակ եւ դադար վերցրել: Նրանք կրկին հավաքվել են ժամը 19:00-ին, ելույթներ ունեցել: Փաշինյանը, նախորդ օրերի նման, ներկայացրել է հաջորդ օրվա ծրագիրը, իսկ հետո մեկնարկել է ավանդական երթը:

Կա սահման, որը չպետք է անցնել: «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով այս օրերին անցկացվող ցույցերին ու երթերին՝ վարչապետ Սերժ Սարգսյանն ասել է, թե հակադրանքի միջոցներ կիրառելու որեւէ ցանկություն չկա, բայց, նրա խոսքով, չի կարող երկրում ամենաթողություն տիրել: Արդյո՞ք բողոքի ցույցերի պատճառն այն չէ, որ մարդիկ կարծում են, թե Սահմանադրության փոփոխություններն արվել են՝ Սերժ Սարգսյանին պաշտոնավարումը երեկարաձգելու հնարավորություն տալու համար. վարչապետը եւս մեկ անգամ հայտարարել է, թե այդ փոփոխությունները նախաձեռնելիս որեւէ անձնական նկատառում չի ունեցել:

Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը նոր կառավարության կազմում համակարգելու է տնտեսական բլոկն ու տարածքային կառավարումը: «Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա վստահեցրել է, որ այս կարգավիճակը որոշակի առավելություններ, ազատության աստիճան ունի. հիմա արդեն կկարողանա ավելի հասցեական աշխատել ներդրողների հետ, իրականացնել հարեւան երկրների հետ մի շարք նախագծեր, որոնք շատ հաճախ իր ներկայությունն են պահանջում: Կարապետյանը նաեւ հավաստել է, որ բոլոր այն ծրագրերը, որոնց մասին խոսել է ե՛ւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ե՛ւ դրանից հետո՝ որպես վարչապետ, շարունակություն կունենան: Դա կֆիքսեն արդեն կառավարության նոր ծրագրով:

Կառավարության նոր կազմը համալրեց եւս 4 հին նախարար: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Դավիթ Հարությունյանը, ԱԻ նախարարի պաշտոնում՝ Դավիթ Տոնոյանը, գյուղնախարարի պաշտոնում՝ Իգնատի Առաքելյանը, մշակույթի նախարարի պաշտոնում էլ վերանշանակվել է Արմեն Ամիրյանը: Վերջին օրերին պաշտոններում վերանշանակվել է եւս 5 նախարար՝ Վիգեն Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Վարդան Արամյանը, Դավիթ Լոքյանը եւ Սուրեն Կարայանը:

Թուրքիայում հունիսի 24-ին խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Երկրի խորհրդարանը հավանություն է տվել իշխանությունների առաջարկին. 450 պատգամավորներից կողմ է քվեարկել 386-ը: Փորձագետները նշում են, որ արտահերթ ընտրությունների նպատակը նախագահ Էրդողանի դիրքերի ամրապնդումն է: Իշխանությունները պնդում են, որ հարկավոր է հնարավորինս արագ կյանքի կոչել Սահմանադրության վերջին փոփոխությունները, որոնցով Թուրքիան կառավարման խորհրդարանական համակարգից անցնում է նախագահականի՝ երկրի ղեկավարի ավելի լայն լիազորություններով: Նշենք, որ երկրում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2019 թվականի աշնանը:

Արսեն Վենգերը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշարի ավարտին կհեռանա Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից: 68-ամյա Վենգերը լոնդոնյան ակումբը գլխավորում է 1996 թվականից, որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն: Նա նաեւ Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդ է սահմանել՝ անցկացնելով 823 հանդիպում: «Արսենալը» թիմի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարի առաջիկայում:

Ինքը՝ Արսեն Վենգերը կարծում է, որ իրեն կարող է փոխարինել ամերիկյան «Նյու Յորք Սիթին» գլխավորող Պատրիկ Վիեյրան: Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Վիեյրան Վենգերի գլխավորությամբ 1996-2005-ին խաղացել է «Արսենալում»: Հետագայում 2 տարի նա աշխատել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում, իսկ 2016 թվականից գլխավորում է «Նյու Յորք Սիթին»:

Ապրիլի 20-ին դոլարի ու եվրոյի արժեզրկմանը միացել են նաեւ ռուբլին ու ֆունտը: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 590, ռուբլունը՝ 7 դրամ 82 լումա, ֆունտինը՝ 675 դրամ:

Ապրիլի 21-ին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ անձրեւ է սպասվում: Օդի ջերմաստիճանը 21-ին 5-7 աստիճանով կնվազի, այնուհետեւ նույնքան կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ