News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ն պետք է ամբողջական ապամիջուկայնացումն ավարտի մինչեւ 2020 թվականը՝ այն ժամանակաշրջանում, երբ Ճապոնիայում, ԱՄՆ-ում ու Կորեայի Հանրապետությունում իշխանության ղեկին ներկայիս առաջնորդներն են գտնվում։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոն ՝ Nikkey թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ։

«Դա պետք է տեղի ունենա 2020-ից ոչ ուշ»,- ասել է նա՝ նշելով, որ «Հյուսիսային Կորեայում չի փոխվի վարչակարգը, ու եթե ժամանակը ձգվի» , ապա Փհենյանը կարող է օգտվել դադարից ու շարունակել միջուկային զենքի մշակումները։

Նման ժամկետ նշելը Կոնոն պատճառաբանել է այն փաստով, որ իր կարծիքով ապամիջուկայնացումը պետք է տեղի ունենա այն ժամանակաշրջանում, երբ Ճապոնիայում, ԱՄՆ-ում ու Կորեայի Հանրապետությունում իշխանության ղեկին ներկայիս առաջնորդներն են՝ վարչապետ Սինձո Աբեն, նախագահ Դոնալդ Թրամփն ու նախագահ Մուն Չժե Ընը։

Ճապոնիայի նախարարը նաեւ շեշտել է, որ Տոկիոն, Սեուլն ու Վաշինգթոնը կողմ են առաջին հերթին միջուկային զենքի, նաեւ՝ բալիստիկ հրթիռների տարբեր տեսակների ամբողջական, վերահսկելի ու անդառնալի ոչնչացմանը։ «Քանի դեռ մենք Հյուսիսային Կորեայի կողմից նման գործողություններ չտեսնենք, ոչ մի պարգեւատրություն նա չի ստանա»,- շեշտել է Կոնոն, նկատի ունենալով պատժամիջոցների վերացումն ու այլ մեղմացումները։ Ինչ վերաբերում է ԿԺԴՀ ատոմային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսչություն սահմանելուն՝ Ճապոնիայի ԱԳ նախարարը նշել է, որ այդ կազմակերպության տեսուչները պատրաստ են ամեն պահի անցնել իրենց առաքելությանը։

Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան էլ իր հերթին համարում է, որ դեռ ժամանակը չէ թուլացնել ճնշումը ԿԺԴՀ-ի վրա ։ «Միջազգային համայնքը հիմա դեռ չպետք է թուլացնի ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա, որին մեծ նշանակություն են տալիս Ճապոնիան ու ԱՄՆ-ն»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ի առավոտյան, ավելի վաղ, ՑՏԱԿ գործակալությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ լիագումար նիստի արդյունքներով հայտնել է սոցիալիստական տնտեսության զարգացման նոր ռազմավարության մասին, որը նախատեսում է հրաժարում միջուկային փորձարկումներից ու բալիստիկ հրթիռների արձակումներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news