News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Չնայած անձրեւոտ եղանակին՝ Երեւանի փողոցներն այսօր նույնպես մարդաշատ էին: Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում քաղաքացիներին կոչ էր արել առավոտյան ժամը 11:00-ին հավաքվել Նոր Նորքում: Հենց այստեղ էլ տեղի է ունեցել առաջին միջադեպը ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Մինչ Փաշինյանը բանակցում էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ՝ կոչ անելով բացել երթի մասնակիցների ճանապարհը, ոստիկանները քաշքշում էին ցուցարարներին:

Ինչպես նախօրեին, այսօր նույնպես ցուցարարները տարբեր խմբերով երթեր են անցկացրել մայրաքաղաքում: Փաշինյանի հայտարարած «թավշյա հեղափոխությունն» այսօր վերածվել է «վարդերի հեղափոխության». Նոր Նորքում մարդիկ երթի էին դուրս եկել սպիտակ եւ դեղին վարդերով:

Ցուցարարներին այսօր միացել են նաեւ «Մալաթիա» առեւտրի կենտրոնի աշխատակիցները. նրանք գործադուլ են հայտարարել ու երթի դուրս եկել: Ոստիկանները բերման են ենթարկել առեւտրականներից մի քանիսին: Մալաթիայում նաեւ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասնակցությամբ:

Իրավիճակն այսօր թեժ է եղել նաեւ մայրաքաղաքի կենտրոնում: Ցուցարարները երկար ժամանակ փակ են պահել Սայաթ-Նովա պողոտան եւ Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց խաչմերուկը: Այստեղ ոստիկանությունը մեծ թվով ուժեր էր կենտրոնացրել, սակայն նրանց չի հաջողվել կարգավորել իրավիճակը: Ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկելիս ուժ են կիրառել:

Այսօր մարդաշատ են եղել նաեւ Էջմիածին քաղաքի փողոցները: «Իմ քայլը» նախաձեռնությանը միացած էջմիածինցիները երթեր են անցկացրել, փողոցներ փակել՝ մարդկանց կոչ անելով միանալ իրենց: Նրանք որոշել են Երեւան հասնել՝ միանալու Նիկոլ Փաշինյանին: Էջմիածին-Երեւան ավտոճանապարհին իրավիճակը լարվել է: Այստեղ էլ գլխավոր «գործող անձը» նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն էր. նրա հորդորով բեռնատարները փակել էին ճանապարհը:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով՝ բազմաթիվ վարորդներ ամբողջ օրվա ընթացքում ազդանշան տալով էին շրջում քաղաքի գրեթե բոլոր հատվածներում: Ազդանշան տալու համար դատախազությունում քրեական գործ է հարուցվել, 3 ձերբակալված կա: Այսօր ձերբակալվել է նաեւ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: Նրան մեղադրում են, մասնավորապես, հանրային հավաքներ ու երթեր կազմակերպելու եւ ղեկավարելու, դրանց մասնակիցների հետ Երեւանի պետհամալսարան ներխուժելու համար: Երեկոյան երթերի մասնակիցները հասել են Հանրապետության հրապարակ՝ ավանդական հանրահավաքին մասնակցելու:

Թիկնապահների փոքր խմբի ուղեկցությամբ անսպասելիորեն հրապարակ է եկել նախագահ Արմեն Սարգսյանը: Ցուցարարները նրան դիմավորել են «Նախագահ, մերժիր Սերժին» վարկարկումով: Արմեն Սարգսյանը կարճատեւ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նրա թիկնազորը լրագրողներին թույլ չի տվել մոտենալ բանակցողներին: Հրապարակից հեռանալիս լրագրողները հարցրել են, արդյո՞ք բանակցություններ կլինեն, ինչին նախագահն արձագանքել է՝ «Հուսամ»: Այլ հարցերի Արմեն Սարգսյանը չի պատասխանել:

Վարչապետ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ է արել: Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ վարչապետը մտահոգված է ծավալվող ներքաղաքական զարգացումներով եւ Փաշինյանին անհապաղ երկխոսության կոչ է անում՝ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով: Սերժ Սարգսյանը կրկնել է, որ իշխանությունները հարգել եւ շարունակելու են հարգել խաղաղ երթեր ու հավաքներ անցկացնելու՝ քաղաքացիների իրավունքը, սակայն ընդգծել է, որ հանրային այդ հավաքները հաճախ հատում են օրենքով թույլատրված սահմանները: Նիկոլ Փաշինյանն արձագանքել է կոչին՝ հայտարարելով, որ քննարկման թեմա կարող է լինել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Երեկ կայացած հանրահավաքի ժամանակ էլ Փաշինյանը բանակցելու համար իշխանություններին 4 պայման էր առաջադրել. Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից, Ազգային ժողովը վարչապետ ընտրի ժողովրդի թեկնածուին, ժամանակավոր կառավարություն ձեւավորվի, իսկ հետո, քաղաքական պայմանավորվածությամբ, խորհրդարանը չընդունի այդ կառավարության ծրագիրն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Փաշինյանը նաեւ շեշտել է, որ մերժում են խնդրի ցանկացած ուժային լուծում:

Ադրբեջանական զինուժն ակտիվացել է Արցախի հետ շփման գծում: Կեսօրից հետո հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը: Բացի այդ, Արցախի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արեւելյան եւ հարավ-արեւելյան ուղղություններում, ադրբեջանական բանակի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր են նկատվել: Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ուշադրությամբ հետեւում են հակառակորդի գործողություններին: Անհրաժեշտության դեպքում՝ հայկական կողմն իրավիճակից բխող քայլերի է դիմում:

Ազգային անվտանգության ծառայությունն ահաբեկչություն է կանխել: Տարածված հաղորդագրության համաձայն՝ ԱԱԾ-ն պարբերաբար տեղեկություններ է ստացել, որ դեռ նախկինում իր տեսադաշտում գտնվող տարբեր անձինք ակտիվացել են եւ առանձնապես ծանր հանցագործություններ են նախապատրաստում: Մասնավորապես, Հայաստանի քաղաքացիներ Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն նպատակ են ունեցել հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում՝ Երեւանի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ»-ում, տրանսպորտային միջոցների եւ կամուրջների տակ, ինչպես նաեւ բնակելի տների շրջակայքում 100-150 հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկներ տեղադրել ու գործի դնել: Աղբյուրի համաձայն՝ նրանք այդ նպատակով նաեւ պայթուցիկ սարք են պատրաստել ու փորձարկել:

ԱԱԾ-ն 19 խուզարկություն է իրականացրել առանձին անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում, գործի համար նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերել: Քրեական գործ է հարուցվել: Հ.Բ-ն ու Շ.Մ-ն, ինչպես նաեւ նրանց ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ԱԱԾ եւ ձերբակալվել: Ի դեպ, Ծառայության նախնական տեղեկություններով, կասկածյալներն առնչություն ունեն Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռերի» անդամների հետ:

Ապրիլի 22-ին Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ անձրեւ է սպասվում, 23-26-ը՝ առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 22-ի գիշերը 5-7 աստիճանով կնվազի, այնուհետեւ նույնքան կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +4+6, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ