News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երբ ադրբեջանական բանակը գովազդային տեսահոլովակով ցուցադրում էր 2017 թ. սեպտեմբերի 18-22-ը անցկացված զորավարժությունների ժամանակ իր կիրառած զինատեսակները, դիտորդները նկատեցին չեխական արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 18 կմ հեռահարություն ունեցող «Դանա» ինքնագնաց հաուբիցներ եւ 20 կմ հեռահարություն ունեցող Rm-70 հրթիռային կայանքներ:

Սկզբնական շրջանում հայտնի չէր, թե այդ զենքներն ինչպես էին հասել Բաքու, հաշվի առնելով, որ Չեխիայի Հանրապետությունը որեւէ թույտվություն չէր տվել իր արտադրողներին նման զենք վաճառել Ադրբեջանին: Համաձայն Չեխիայի օրենսդրության՝ արտաքին գործերի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունները պետք է հաստատեն արդյունաբերության եւ առեւտրի նախարարության առաջարկած զենքի վաճառքի վերաբերյալ դիմումները:

Միաժամանակ, Եվրամիությունը եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հանձնարարել են, որ իրենց անդամ երկրները զենք չմատակարարեն Ադրբեջանին եւ Հայաստանին՝ Արցախյան հակամարտության պատճառով:

Բացի դրանից, Ադրբեջանին զենքի վաճառքը կարող է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993 թվականի հուլիսի 29-ին ընդունված 853 բանաձեւը, որը կոչ էր անում անդամ պետություններին «ձեռնպահ մնալ ցանկացած տեսակի զենք եւ զինամթերք մատակարարելուց, որոնք կարող են հանգեցնել [Ղարաբաղյան] հակամարտության խորացմանը եւ տարածքների շարունակական գրավմանը»: Արդեն մի քանի երկրներ խախտել են Անվտանգության խորհրդի այս բանաձեւը, ներառյալ Իսրայելը, Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան եւ Պակիստանը:

Ի պատասխան, Չեխիայի պաշտպանության նախարարության խոսնակ Յան Պեյշեկը հայտարարել է, որ «Նախարարությունը չի հաստատել զենքի որեւէ տեսակի արտահանում Ադրբեջան»: Մինչդեռ Չեխիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Իրեն Վալենտովան Պրահայի Daily Monitor-ին ասել է, որ «թույլտվություն չի տրվել ռազմական տեխնիկայի արտահանմանը Ադրբեջան, իսկ 2016-2017 թթ. մերժվել են արդիականացված «Դանա Մ1» հաուբիցների եւ RM-70 հրթիռային կայանքների արտահանման որոշ արտոնություններ, եւ ԵՄ գործընկեր երկրներին տեղյակ են պահել այդ մերժման մասին»:

2016 թվականին «Ադրբեջանը Չեխիայի Հանրապետությունից գնել է մեկ միլիոն եվրո արժողությամբ ոչ մահացու զենք, որը երեք անգամ քիչ է երեք տարի առաջ ձեռք բերվածից», հաղորդում է Hospodarske Noviny թերթը:

Նախկինում, երբ Ադրբեջանը փորձել է զենք ներկրել Չեխիայից, նման ռազմական առաքումների համար թույլտվությունը մերժվել է:

Պրահայի Daily Monitor թերթը հաղորդել է, որ «Չեխիայի իշխանություններն ու գաղտնի ծառայությունները ուսումնասիրում են, թե ինչպես են չեխական զենքերը ... հասել Կովկաս»:

Միեւնույն ժամանակ, Slovak Spectator-ը 2018 թ. ապրիլի 17-ին բացահայտել է, որ «Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանը օգտագործվել է որպես տարանցիկ կետ՝ չեխական հրթիռային կայանքները եւ հաուբիցները մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան հասցնելու համար... Հաղորդվում է, որ զենքն արտադրվել է Czechoslovak Group Holding-ի կողմից, որի սեփականատերը չեխ գործարար Յարոսլավ Ստրնադն է, ըստ Չեխիայի հեռուստատեսության....Սլովակյան զենքի արտադրության MSM ընկերության աշխատակիցներից մեկը պատմել եւ նկարագրել է, թե ինչպես են հին զենքերը վերանորոգվել Սլովակիայի Տրենչին քաղաքում գտնվող իրենց գործարանում, իսկ հետո Իսրայելի միջոցով տեղափոխվել Ադրբեջան, հաղորդում է TASR-ն:

MSM ընկերության աշխատակիցը, Սլովակիայի TASR լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխական հեռուստաընկերության լրագրողներին ասել է՝ «Ամբողջ գործընթացը սկսվում է «Դանա» տեսակի հին հաուբից բերելով, որն ընկերության կողմից մասերի է բաժանվում.... Նոր սարքավորումները, ներառյալ նավիգացիոն, տեսախցային եւ կապի համակարգերն ուղարկվում էին Իսրայելից, հավելել է աշխատակիցը: Նա նաեւ տեղեկացրել է, որ իրենք պայմանագիր են ստորագրել 18 հաուբից եւ 15 հրթռիային կայանք այս տարի, եւ նույն քանակությամբ հաջորդ տարի մատակարարելու վերաբերյալ.... Ընկերությունը հաստատել է «Դանա Մ1» եւ RM-70 համակարգերի մատակարարումը Իսրայելին»:

Slovak Spectator-ը «նույնիսկ արձանագրել է զենքի նման տեղափոխում տեսախցիկների միջոցով», որը հաստատում է զենքի առաքումը Իսրայել եւ այնտեղից մաքսանենգ ճանապարհով դեպի Ադրբեջան: «Մի հրթիռի տեղափոխումն իրականացվել է 2017 թ. դեկտեմբերի 27-ին Տրենչինից դեպի Բրատիսլավայի օդնավակայան, որտեղ այն տեղափոխվել է ադրբեջանական ավիաուղիներին պատկանող Silk Way ինքնաթիռով: Այնուհետեւ օդանավը մեկնել է Թել Ավիվ՝ Իսրայել, որտեղ գտնվում է «Էլբիթ» ընկերությունը, որը ներկայացված է որպես վերջնական սպառող: Աղբյուրը նաեւ պարզել է, որ ինքնաթիռը շարունակել է իր ճանապարհը դեպի Բաքու, Ադրբեջան:  Իսրայելում ինքնաթիռից ոչինչ չի իջեցվել, այն միայն կանգ է առել՝ համոզվելու, որ փաստաթղթերը կարգին են», ասել է MSM-ի աշխատակիցը Չեխիայի հեռուստատեսությանը: «Ինքնաթիռն Իսրայելի օդանավակայանից ուղիղ թռիչք է կատարել դեպի Ադրբեջան», գրել է Slovak Spectator-ը:

Խորհուրդ կտայի Հայաստանի պաշտոնյաներին՝ անմիջապես բողոքներ ներկայացնել Չեխիայի, Սլովակիայի եւ Իսրայելի կառավարություններին՝ իրենց արտահանման դրույթները շրջանցելու, եւ ԵՄ, ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ առաջարկած արգելքները խախտելու համար:

Եթե նման բողոքներ չներկայացվեն, ապա այս երեք եւ մի շարք այլ երկրներ կխրախուսվեն՝ ավելի մահաբեր զենքեր առաքելու Ադրբեջանին, որոնք կօգտագործվեն հայ զինվորներին եւ քաղաքացիական անձանց սպանելու ու վիրավորելու համար:

Հարութ Սասունյան      

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ