Գերմանական Audi ավտոարտադրողը չինական FAW-ի հետ համատեղ նախատեսում է 5 տարվա ընթացքում երկու անգամ ավելացնել չինական շուկայում թողարկվող մեքենաների ծավալը։ Այս մասին նշված է ընկերության հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Այս որոշումը ընդունվել է համաշխարհային ավտոարտադրողների ձգտումների ֆոնին տեղայնանալ Չինաստանում՝ խոշորագույն ավտոմեքենայի շուկայում։
«Մինչեւ 2022 թվականը ընկերությունը Չինաստանում կներկայացնի Audi-ի 10 նոր մոդելներ»,-հայտնել է Audi ղեկավար Ռուպերտ Շտադլերը։
Նա նաեւ հավելել է, որ ըստ կանխատեսումների մինչեւ 2025 թվականն ընկերության վաճառքի 30 տոկոսը կիրականացվի էլեկտրոմոբիլների սեգմենտում։
Ընկերության թոփ մենեջերի խոսքով՝ Audi-ն մտադիր է նաեւ ընդլայնել ավտոմեքենաների շարքը, որոնք թողարկվում են չինական SAIC Motor Corp Ltd ընկերության հետ համատեղ, ինչպես նաեւ երկու անգամ ավելացնել Չինաստանում Audi-ի ինժեներատեխնիկական անձնակազմը։