News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի երկրորդ հանդիպումը նույնպես չկայացավ: Փաշինյանը վարչապետի պաշտոնակատարին հանդիպման հրավեր էր ուղղել երեկ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում՝ նշելով մեկ պայման. այն պետք է անցկացվի լրատվամիջոցների ներկայությամբ: Ավելի ուշ Կարեն Կարապետյանի խոսնակը նշել է, որ հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում: Հետո էլ հանդիպումից հրաժարվելու պատճառների մասին «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է նաեւ Կարեն Կարապետյանը:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, ամեն դեպքում, գնացել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոց եւ զրուցել լրագրողների հետ: Երեկվա հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ եթե ինքը չընտրվի Հայաստանի վարչապետ, ապա ոչ ոք չի ընտրվի: Այսօր, սակայն, նա վստահեցրել է, որ պաշտոնակռիվ չի անում: ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լուրեր տարածվեցին, թե Սերժ Սարգսյանն ակնարկել է, որ վարչապետի թեկնածու կարող է լինել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Փաշինյանը դա լուրջ չի համարում: Իսկ եթե Հանրապետական կուսակցությունը, ամեն դեպքում, անցկացնի վարչապետի իր թեկնածուին, իսկ հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց բարձրանա, Փաշինյանի խոսքով, կբոյկոտեն քվեարկությունը:

Կարապետյան-Փաշինյան հանդիպման տապալումն այսօր մեկնաբանել է նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա խոսել է, մասնավորապես, հանդիպմանը լրատվամիջոցների ներկայության եւ բանակցություններն ուղիղ հեռարձակելու պահանջի մասին: Շարմազանովը դա Ազգային անվտանգության հարց է համարում:

Մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստում կայանալիք վարչապետի ընտրության ժամանակ «Ելք»-ը «Ծառուկյան» եւ Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորների աջակցություն հույսն ունի: Դաշնակցությունն առայժմ այդ մասին հստակ ոչինչ չի հայտնել: Այսօր տարածած հայտարարությամբ միայն կոչ է արել «համախոհաբար միասնական քաղաքական օրակարգ ձեւավորել եւ համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ»:

Գագիկ Ծառուկյանի խոսնակն էլ այսօր հայտարարել է, որ վաղը «Ծառուկյան» դաշինքի առաջնորդն անձամբ հանդես կգա հայտարարությամբ: Մինչ այդ, արդեն լուրեր կան, որ «Ծառուկյան» խմբակցությունն ուզում է վարչապետի թեկնածու առաջադրել հենց Գագիկ Ծառուկյանին:

Նիկոլ Փաշինյանն այսօր Երեւանում բողոքի գործողությունների դադար էր հայտարարել: Նա իր կողմնակիցների հետ Գյումրիում էր: «Իմ քայլը» նախաձեռնության մասնակցիները Գյումրի են մեկնել ավտոերթով: Ճանապարհին ավտոշարասյունը պարբերաբար կանգառներ է կատարել, իսկ Աշնակ գյուղում շարժման մասնակիցներին դհոլ-զուռնայով են դիմավորել:

Արդեն Գյումրիում բազմահազար մարդկանց մասնակցությամբ հանրահավաք է տեղի ունեցել: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը: Վաղը հանրահավաք է լինելու Վանաձորում, կիրակի՝ ապրիլի 29-ին նոր թափով լայնածավալ գործողություններ են անցկացվելու Երեւանում: Իսկ մայիսի 1-ին Փաշինյանը հորդորել է առավոտյան ժամը 8:00-ից հեղեղել Երեւանի փողոցները. հիշեցնենք, որ այդ օրն Ազգային ժողովում կայանալու է վարչապետի ընտրությունը:

Երեւանի ավագանու այսօրվա նիստը հանգիստ մթնոլորտում է անցել: Նոր կարգի համաձայն՝ լրագրողները նիստին հետեւել են ոչ թե դահլիճում, այլ կից սրահից: «Ելք»-ը բոյկոտել էր ավագանու նիստը: Ի դեպ՝ օրերս խմբակցությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն էր պահանջել:

Իսկ «Երկիր Ծիրանի»-ի անդամներն օրակարգային բոլոր հարցերի քննարկումների ժամանակ ունեցած ելույթներում խոսել են ներքաղաքական խնդիրների մասին: Նրանք պարբերաբար լրացուցիչ ժամանակ են խնդրել նիստը վարող Տարոն Մարգարյանից: Քաղաքապետն ի վերջո հեգնել է:

Պատմական հանդիպում. միջազգային հանրությունն ու մամուլն այսպես են բնորոշել Հյուսիսային եւ Հարավային Կորեայի առաջնորդների հանդիպումը: Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը հանդիպել են Փհանմունջոմ սահմանապահ կետում: Սա Կորեաների ղեկավարների՝ ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին հանդիպումն է: Նրանք միմյանց ձեռք են սեղմել՝ յուրաքանչյուրը սահմանի իր կողմում կանգնած: Կողմերը կառուցողական բանակցությունների եւ երկու Կորեաների պատմության մեջ նոր էջ բացելու հույս են հայտնել: Հենց ապառազմականացված Փհանմունջոմ գոտում էլ կայացել է միջկորեական պատմական գագաթնաժողովը: Հարավային Կորեայի նախագահի խոսքով՝ երկրները համաձայնել են, որ իրենց միջեւ պատերազմ չի լինելու:

Հյուսիսային եւ Հարավային Կորեաների ղեկավարները նաեւ հռչակագիր են ստորագրել, որի համաձայն՝ երկու երկրները դադարեցնում են միմյանց դեմ բոլոր թշնամական գործողությունները: Ղեկավարները նաեւ համաձայնեցրել են ընդհանուր նպատակ՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացում, խոստացել են լուծել հումանիտար խնդիրները, այդ թվում՝ կորեական ընտանիքների վերամիավորման հարցը: Ապառազմականացված գոտու սահմանազատման գծում Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը նաեւ սոճի են տնկել՝ որպես խաղաղության եւ բարգավաճման խորհրդանիշ:

Իսկ համացանցում արագորեն տարածվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի ավտոմեքենան ուղեկցող թիկնապահների տեսանյութը: Օգտատերերն այն թեկնապահների «առավոտյան վազք» են անվանել, նաեւ կատակել, թե դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսուհետ կպահանջի, որ իրեն նույնպես այդ կերպ ուղեկցեն:

Արմեն Ջիգարխանյանի ընկերը հերքել է լուրերը, թե դերասանը կոմայի մեջ է: Գործարար Արթուր Սողոմոնյանի հավաստմամբ՝ Ջիգարխանյանը վերջին օրերին թուլություն էր զգում, աշխատանքի չէր գնում: Ասում է՝ հրաժարվում էր բժշկի դիմել, ընդհանրապես չի սիրում հիվանդանոցում գտնվել: Սակայն, ի վերջո, համոզել են: Սողոմոնյանը հավաստել է նաեւ, որ բժիշկները որեւէ լուրջ բան չեն ախտորոշել. որոշ խնդիրներ կան, բայց դրանք տարիքի հետ են կապված: Արմեն Ջիգարխանյանը շուտով պատրաստվում է թատրոն վերադառնալ:

Ապրիլի 27-ին դոլարը թանկացել է, եվրոն՝ շուրջ 3 դրամով էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 583, ռուբլունը՝ 7 դրամ 71 լումա, ֆունտինը՝ 666 դրամ:

Ապրիլի 28-ին հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ