Հայաստանում լկտիությունների, բեսպրեդելության, ամենաթողության էջը փակված է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Իջեւանում կայացած հանրահավաքում հայտարարել է «Իմ քայլը» շարժման ավտոերթը՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ լինելով իջեւանցի, առաջին հերթին ուզում է անել հետեւյալ հայտարարությունը. «Ես ծնունդով իջեւանցի եմ, բայց քաղաքական գործունեության մեջ, ընդհանրապես քաղաքացիության զգացումով որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ, ես նույնքան իջեւանցի եմ, որքան ղարաբաղցի, գորիսեցի, կապանցի, եղեգնաձորցի, գյումրեցի, վանաձորցի:

Հայաստանում կլանային կառավարման էջը փակված է: ՀՀ-ում այլեւս մարդիկ չպետք է գնահատվեն նրանով, թե ում ընկերն են, ում եղբայրն են, ու բաջանաղի ախպերն են, ում հետ են մոտիկ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է հավասար հնարավորություն մնացած քաղաքացիների հետ: Սա վերաբերում է տնտեսությանը, քաղաքականությանը, կրթությանը եւ այլն:

Հայաստանում լկտիությունների, բեսպրեդելության, ամենաթողության էջը փակված է: Բոլորը հավասար են լինելու օրենքի առջեւ: Իմ վարչապետ ընտրվելու դեպքում առաջին հերթին իմ հարազատները, մտերիմները, պետք է պատասխանատու լինեն, կարգապահ, համեստ:

Ես ուզում եմ հավատալ, որ նույնիսկ նման հայտարարությունների կարիքը չկա, որովհետեւ այս հեղափոխությունը ժողովրդին ներշնչել է փոխադարձ սեր ու հարգանք»,-հայտարարեց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում մեկ ամիս առաջ մեկնարկած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը հաղթել է, սակայն հարկավոր է եւս մի կարճ ժամանակահատված այդ դե ֆակտո հաղթանակը թե յուրե արձանագրելու համար: «Իշխանությունը հույս ուներ, որ հասարակությունն այնքան կուրախանա Սերժ Սարգսյանի հրաժարականի վրա, որ կմոռանա, թե ինչի համար է հավաքվել: Սերժ Սարգսյանի հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է այս պրոցեսը ավարտին հասցնելու համար:

Հեղափոխությունը այդտեղ էլ չպետք է կանգ առնի, որովհետեւ հեղափոխության իմաստը այն է, որ սրանից հետո անկախ կարգավիճակից ու պաշտոններից որեւէ անձի, որեւէ կուսակցության, որեւէ խմբի իշխանություն չի պատկանելու, այն պատկանելու է միայն ժողովրդին»:

Նշենք, որ ավտոերթի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը եւ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը: Փաշինյանը կոչ է արել ժողովրդին պահանջել իրենց քաղաքապետերից, գյուղապետերից՝ ստորագրել եւ հրապարակել հայտարարություններ ժողովրդական շարժմանը միանալու մասին, ոչ թե գաղտնի կերպով այդ մասին մեսիջներ հղել իրենց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Փաշինյանը բազմամարդ հանրահավաք է անցկացրել Գյումրիում: Այսօր՝ ապրիլի 28-ին, Իջեւանից հետո հանրահավաք է կայանալու նաեւ Վանաձորի Հայքի հրապարակում։

Իսկ ապրիլի 29-ին եւ 30-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են նոր թափով։ Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը, ըստ Փաշինյանի, պետք է հեղեղել Երեւանի բոլոր փողոցները։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը ուղեւորվում է Իջեւան եւ Վանաձոր (ուղիղ, Ֆոտո)