Ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում հանդիպում է ունեցել նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումից հետո նա հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Նշենք, որ հանդիպմանը չի մասնակցել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ավելի վաղ այսօր Փաշինյանը հանդիպել էր «Ելք» խմբակցության պատգամավորների հետեւ որոշում էր կայացվել վարչապետի պաշտոնում առաջադրել Փաշինյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: