ՀՅԴ-ն միշտ միակամ է եղել եւ իր տեսակետը նախապես հայտնել էր, որ այս փուլում սատարելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում Նիկոլ փաշինյանի եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք շատ հստակ պատկերացնում ենք, որ վարչապետ դառնալուց հետո առաջանալու է նոր իրավիճակ Հայաստանում եւ այդ նոր իրավիճակի մասին ենք խոսել Նիկոլ Փաշինյանի հետ: Մեզ համար մի քանի սկզբունքային հարցերի վերաբերյալ նախկինում էլ խոսակցություն ունեցել ենք նրա հետ: Ես շատ հստակ կարող եմ ասել, որ բովանդակային առումով լուրջ տարբերություններ գոյություն չունեն մեր մոտեցումներում»,-ասաց Ռուստամյանը:

«Չեմ ուզում շատ բացել փակագծերը, բայց խոսքը վերաբերում է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող արտաքին քաղաքականությանը նաեւ ներքին քաղաքականության ուղղությունների մասին: Հիմնականում 5-7 հարցերի մասին է խոսքը, որտեղ փորձել ենք համադրել մեր մոտեցումները: Ոգեւորող է, որ լուրջ տարաձայնություններ չունենք: Քայլերի հաջորդականությունը ստիպում է, որ հանգրգան առ հանգրվան խոսենք մեր հնարավոր համագործակցության, երկրի մասին պատկերացումների առումով, որովհետեւ խոսելը դեռ վաղաժամ է, երբ դեռ վաղվա կարեւոր քայլը չի կատարվել»,-ընդգծեց Ռուստամյանը: