Հանրապետության հրապարակը վաղը՝ մայիսի 1-ից դառնում է համաժողովրդական տոնախմբության վայր։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է վարչապետի թեկնածու, շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
«Վաղը առավոտյան ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում։ Չգնալ որեւէ այլ տեղ, բողոքի որեւէ տրամադրություն չունենալ, հավաքվել հրապարակում եւ տոնել սեփական հաղթանակը։ Տոնել հաղթանակը հուսահատության, արտագաղթի, թուլության, անորոշության նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։
«Հիմա որոշակի է, որ մեր երազանքները սկսում են իրականանալ, որովհետեւ մենք այլեւս չենք երազում ազատ եւ երջանիկ Հայաստանի մասին, մենք այսօր ապրում ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»,- ասել է նա եւ կոչ արել բոլոր մարզերից, քաղաքներից ու գյուղերից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հստակ արձանագրելու, որ իրենք են տերը մեր երկրի։
Նա նշել է, որ հրապարակում էկրանների վրա ցուցադրելու են Ազգային ժողովի նիստը, իսկ նիստից հետո ինքը կգա հրապարակ։ Նա հատուկ խնդրեց չգալ Բաղրամյան պողոտա, չփակել որեւէ փողոց, այլ հավաքվել միայն Հանրապետության հրապարակում։
Փաշինյանի ելույթից հետո երգով հանդես է եկել երգչուհի Լիլիթ Պիպոյանը։
Դրանից հետո հանրահավաքն ավարտվեց։
Նշենք, որ վաղը կայանալու է ԱԺ հատուկ նիստ՝ ընտրելու նոր վարչապետին։ Միակ առաջադրված թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։
Առավոտյան «Ելք» խմբակցությունն իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Կայացել են նաեւ դռնփակ բանակցություններ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորների հետ։ Այդ խմբակցությունները վաղ քվեարկելու են Փաշինյանի օգտին։ Լրագրողների ներկայությամբ հանդիպում է եղել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, Փաշինյանը պատասխանել է հանրապետականների հարցերին։
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:











